Syzan | Дата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:46 | Сообщение # 1 |
| ԱՄՊՈՏ ԵՂԱՆԱԿ
Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ, Հալվում ու հոսում արյան պես անգույն` Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ: Ու ես դառնում եմ... համատարած սիրտ. Շարժումներս ամեն` սրտի բաբախում, Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի... Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես... Իսկ դրսում ցուրտ է, Դրսում` ամպ ու զամպ, Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին Տոմսակ է փոխում ա՛յն կայարանում, Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի: Եվ խշտրուքը անօգ ծառերի` Շնչառությա՛ն պես, Հևոցի՜ նման` Խուժում է սրտիս համատարածը, Խուժում, գրավում ու նստում ծանըր` Չինգիզ խանի՛ պես, Լենկ Թեմուրի՛ պես Ու թուրքի՛ նման: Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես... Անվավեր սիրո հորձանուտի մեջ Գլուխս եմ հանում ես` լոտոսի պես. Մինչև կզակըս արդեն ջրասույզ` Չեմ խեղդվում դարձյալ: Իսկ հետամնաց արփին, վերջապես, Ծագում է դրսում, Ծագում կեսօրին, Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով: Տարանցիկ քամին մեկնում է հեռու, Ամպերը մատնում-դավում են իրար, Ու խշրտուքը մրսող ծառերի Հրդեհում է ինձ, կրակի մատնում` Չինգիզ խանի՛ պես, Լենկ Թեմուրի՛ պես, Ու թուրքի՜ նման: Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես... Իգությունն օդի սիրտս է խռովում, Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ, Հոսում է նաև իմ խելքը հալված: Ու վերջանում է ահեղ անձրևով Ինքնամատնությունն անարգ ամպերի: Սևերես երկինքն ինքնաբավորեն Դառնում է իսկույն պարզերես կրկին Ու մթնոլորտը` արդեն լուսոլորտ: Եվ ժամանակն է կախվում օդի մեջ` Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման, Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն Ու մորեխի պես միևնույն թուրքի՛: Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես... Սառչում են դանդաղ Երակներս ամեն ու ոսկորներըս. Ո՛չ հալած խելքի, Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում: Ու վավերացված սիրո ճանկերից Մնում է միայն մի սիրտ բզկտված` Արդեն ավերվա՛ծ, Ավարվա՜ծ արդեն, Որպես երբեմնի մի քաղաքամայր, Որով անցել է տարանցիկ քամին` Նո՛ւյն Չինգիզ խանը, Նո՛ւյն Լենկ Թեմուրը, Միևնույն թո՜ւրքը: Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի...
| |
| |