Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 27
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 »

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝ Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած...

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը:

Мои файлы | Դիտումներ: 988 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 21.11.2011 | Մեկնաբանություններ (0)

Դու իմ վերջի~նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա~կը` ճակատագրով...

Սիրո բավանդակ կոչականները մանկական են միշտ,
մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա°ն տարի,
Որքան տեսել եմ:
եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո°ւ –
Իմ վերջի~նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա~կը` ճակատագրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո~ղջ աշխարհ`
Մի գունդուգծի°կ,
Բառերի մի պա~րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո°վ,
Մի°միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ,պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի°միայն մեկին
Կարողանայի~ մտովին ասել.
«Դու~-
իմ վերջի~նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա~կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞ ,որ հետզհետե
Բարին եմ դառնում,
Եվ այնքա~ն բարի,
Որ խղճում եմ ես .... մենակությանն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել:Մեղք է:
Եկ ամեն մեկս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ...այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
ես ի~նչ իմանամ:Գուցե գիտես դո՞ւ,
«Դու°-
իմ վերջի~նը` թյուրիմացաբար,
 Եվ իմ միա~կը` ճակատագրով»

Ու ձյուն է գալիս,
Ինչ –որ ջե~րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ –որ բուրմունք կա գարնան,
Հեռավո~ր մի բան,
Մի հիշողությո°ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
ինչպես չի մեռնում ,բայց չի ապրում
Սերս-
իմ վերջի~նը` թյուրիմացաբար,
 Բայց և միա~կս` ճակատագրով:

Արի° ինքներս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքների ինքնաժխտումի.
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ... կարոտն ինքը հածտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ներ,
Ես էլ հավատամ,որ դու չես եղել
Ո°չ իմ միակը` ճակատագրո~վ,
Ո°չ իմ վերջինը ` թյուրիմացաբա~ր...
Мои файлы | Դիտումներ: 805 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 16.11.2011 | Մեկնաբանություններ (0)

Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»: 

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի՛ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս՝
Սուտ պատասխան չե՜ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա՜տ ավելին:

Եվ ասում եմ ե՛ս՝ միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու՝ անծանոթ մի նոր աշխարհ,
Ես՝ մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,-
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:

Եվ առավել լավ չէ՞ արդյոք.
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչև հասնենք հանգրվանի՝
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,

Ուր չկա՜ տեր ու տիրական՝ մեզնից բացի,
Ուր մենք պիտի լինենք թլվատ՝ ջրի՛ նման,
Եվ լինենք կույր՝ կրակի՛ պես,
Ուր՝ հակառակ մեր իմացած հին օրենքի՝
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն՝ աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին...

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
«Սիրո՞ւմ ես ինձ»:
Ե՛ս քեզ հարցնեմ՝
Պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ»...
Мои файлы | Դիտումներ: 686 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 16.11.2011 | Մեկնաբանություններ (0)


Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում։
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն …

Ու երբ մինչ—իսկ այլուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձր—ներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբր— մի … Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Մանզի կա մթին մի կախյալություն
Ջղի — արյան, հոգու — կրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետ— բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում …

Ուստի մինչ—իսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…

Мои файлы | Դիտումներ: 705 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 16.11.2011 | Մեկնաբանություններ (0)

Մենք հանդիպեցինք...

Եվ ի՜նչ կատարվեց, հասկացա՞ր արդյոք.

Կարծես թե կյանքը հանկարծ լվացվեց՝

Անվերջ խաղալուց կեղտի մեջ կորած մանուկի նման:

Օդը, որ կարծես գորշ մշուշով էր կեղևակալված,

Կեղևաթափվեց՝

Տեսքով անձրևի,

Ձյան կերպարանքով,

Եվ... օդի համը զգացինք կրկին.

Այնպես է համե՜ղ - առարկայացա՛ծ,

Որ... չե՞ս կամենում ուտե՛լ պարզապես...



Մենք հադիպեցինք...

Եվ ի՜նչ կատարվեց, արդյոք հասկացա՞ր.

Հարազատության ա՛յն զգացումին,

Որ կյանքն էր ջոկ-ջոկ երկուսիս տվել,

Քնքշանք խառնըվեց կրկնակի՛ չափով,

Որից ստացվեց մի... սե՜ր անվախճան,

Ինչպես անվախճան ջուրն է ստացվում,

Երբ ջրածինն է կրկնակի չափով մարսում թթվածին...



Մենք հանդիպեցինք...

Եվ - ահավասիկ այսպե՛ս - տապալվեց

Բանաստեղծության պարիսպը խարխուլ.

Գիտությունները սիրով լուծվեցին աչքերում քո թաց,

Ոտներըդ իրենց դրոշմը դրին պատմության դեմքին,

Շարժումը ձեռքիդ օդի ձևերը քանդեց ու սարքեց՝

Հարստացնելով երկրաչափությունն ա՛յն օրենքներով,

Որ սպասում են իրենց երջանիկ հետազոտողին...

Մենք հանդիպեցինք...

Եվ խոր քուն մտան «բայց»-երը բոլոր,

Որ խնդությունը զարթնելով հանկարծ՝

Ընդոստ վե՜ր ցատկի

Եվ պտտահողմի ահարկո՛ւ տեսքով

Աշխատի մի կերպ շաղափել - ծակել

Բոլո՜ր շերտերը կարծըր երկնքի,

Եվ երկրի վրա, շաղափված անցքից,

Գլխիվայր կախվի խենթ ուրախության ցայտուն շատրվա՜ն,

Որին բացվել կա՛ և... չկա՜ փակվել...



Մենք հանդիպեցինք...

Եվ հանդիպեցինք

Շատ սովորակա՜ն - հասարա՜կ ձևով,

Որ հրաշքները իրե՛նք էլ դառնան

Շատ սովորակա՜ն - հասարա՛կ բաներ...
Мои файлы | Դիտումներ: 693 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 14.11.2011 | Մեկնաբանություններ (0)


Արեգակն է թեքվում։
Կարճանում է օրը։
Եվ լեռները նորից երեխա են ծնում՝
Ստվերների տեսքով,
Որ մեծանում քիչ-քիչ
Ու թաղում են իրենց ծնող մորը։

Պտտահողմը՝
Հենված ոտնաթաթի վրա,
Խոյանում է երկինք՝
Հաստատելով
Ժխտված առասպելը համբարձումի։

Ցրտող օդում դանդաղ թպրտում է
Մի կտոր տաք մարմին,
Որ թռչուն է կոչվում։
Ինչ-որ կին է կանգնած խուփ դաշտի մեջ,
Եվ ոտների տակով անց է կենում
Երկրագնդի անտես այն առանցքը,
Որի երևացող մասն է ինքը։

Առա՛նց հանցանքի մեջ բռնըվելու,
Առա՛նց վկաների առկայության
Ինքըս մեղավոր եմ ինձ ճանաչում
Ու վախվորա՜ծ-քաշվա՜ծ մրմնջում եմ հեռվից.
Մրմնջում եմ արդեն ո՛չ թե սրան,
Այլ այն մեկի՛ն՝ իմի՜ն, հեռավորի՜ն.
-Բարի իրիկուն քեզ, ի՛մ մենավոր
Мои файлы | Դիտումներ: 631 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 14.11.2011 | Մեկնաբանություններ (0)

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

Չգիտեմ ի՞նչ անեմ
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտերմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս
Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով...

"Երբ ժամանակ լինի” ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը ,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ...
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում "հե՜յ-հե՜յ” գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
"Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ "հե՜յ-հե՜յ” կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի...

Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
"Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ
Եվ "Առավոտ լուսո”:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել...

Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը ...
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը ...

Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում...

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

Եվ իմ ներսում ,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր...
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր...

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ "մեղա”,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թապող
Ձիե՛ր...
Мои файлы | Դիտումներ: 753 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 14.11.2011 | Մեկնաբանություններ (0)

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…
Мои файлы | Դիտումներ: 1543 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 02.11.2011 | Մեկնաբանություններ (0)

Պարույր Սևակ Կարդում է Աիդա Ասատուրյանը
Мои файлы | Դիտումներ: 630 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 27.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
... Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Դու չես կարող Գիտեմ
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :
Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...
Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:
Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:
Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում
Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ
Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
Мои файлы | Դիտումներ: 739 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 27.10.2011 | Մեկնաբանություններ (0)


1-10 11-20 21-27