Syzan | Дата: Չորեքշաբթի, 30.01.2013, 20:04 | Сообщение # 1 |
| ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Գիշերային մութն է հորդում: Ու թո՛ղ հորդի: Եվ իր կարգին թո՛ղ ցամաքի ցերեկն այնպես, Որ կարոտենք լույսին, Ինչպես Մեր ա՛յն մոտիկ-հեռավորին՝ Սիրավորի՜ն, Վիրավորի՜ն, Ումից ընդմիշտ բաժանում է մեզ Օրենքը՝ Անօրենքը... Բայց կա նաև օրինավոր մի օրենք էլ, Որի հլու կատարածուն ենք ամենքըս... Գիշերային մութը միշտ էլ քուն է բերում: Եվ ահա ես -Քնե՜ք,- ձեզ եմ ասում մոր պես, -Քնե՜նք,- ինձ էլ խառնում եմ ձեզ: -Քնե՜նք, Որ զուր չմտածենք ծանր ու բարակ, Որ մեզանից պոկենք ամեն մի մտորում, Մեր բարձի տակ ճխլենք ամեն խոկում ու խոհ: Քնե՛նք, թեպետ ըստ առածի՝ Մեկ է, իբըր, մեռել ու քուն: Եթե անգամ մեկ է, իբըր, մեռել ու քուն, Վնաս չկա՜,- հորդորում եմ ես հոր նման, Հո՜գ չէ, հոգի՛ս, ավելացնում եմ մոր նման, Ձե՛զ եմ ասում, Ի՛նձ համոզում, Որ իսկապես վնաս-ն ինքը կուտի իրեն, Չկա-ն ինքը կուտի իրեն, Հոգ-ն էլ՝ հոգ-ին, Ու կմնա միայն... հոգին: Այդ պահին էլ մենք... կարթնանանք: -Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,- Որ արթնանաք: Արթնանալը շատ պետք է ձե՛զ, Մե՛զ՝ Ամենքի՜ս... -Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,- Քնե՛ք, որ նախ... ե՜ս արթնանամ, Եվ ձեր վնաս ու մնասի, Կա-չկայի, Հոգս ու հոգի Ու ձեր հոգու մասին հոգա իմ հեգ հոգի՜ն՝ Ձեր ամենքիդ հոգս ու հոգի կատարածո՛ւն...
| |
| |