Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:24 | Сообщение # 1 |
| ԵՐԵԽԱՅԻ ԼԵԶՎՈՎ
Ասում են, որ մենք՝ տղամարդիկըս, Անչափ նման ենք երեխաների, Միայն թե, իբըր, մենք այդ չգիտենք: Ես գիտե՛մ, գիտե՜մ, Շա՛տ լավ էլ գիտեմ: Բայց ես չգիտեմ, թե ո՞վ է ասել, Որ եթե մայրը ծեծում է նույնիսկ, Երեխան դարձյալ «մայրի՜կ» է կանչում: Ես եմ, սիրելի՛ս, հենց այդ երեխան Ու նրա լեզվով ահա վերստին Քեզ եմ ձայն տալիս օգնության կանչով. -Ցավում է, ցավո՜ւմ... Ես քեզ իմ մասին ոչինչ չեմ պատմել (Մեզ ժամանակը երես չի տալիս): Այսքա՛նը գոնե իմացիր այսօր. Մանուկ ժամանակ Մանուկին էի ես մեջըս ատում Ու նախանձելով ես սիրում էի մեծերին միայն: Իսկ հիմա իմ մեջ մեծին եմ ատում Ու սիրում իմ մեջ ապրող մանուկին, Որ կծկվել է, բայց ամբողջացել: Հիվանդանում է նա հիմա հաճախ, Բայց վերստին է նա առողջանում, Երբ ցավն ուզում է սնվել... արցունքով: Ու երբ որ ցավն է արցունքով սնվում, Ես էլ մանկան պես ու նրա լեզվով, Ինչպես քեզ հիմա, Ձայնում եմ կրկին, Կանչով օգնության. -Ցավում է, ցավո՜ւմ... Իսկ դու ինձ ասա փաղաքո՛ւշ խոսքեր (Ի՜նչ փույթ, թե նրանք չեն կատարվելու): Հեքիաթնե՛ր պատմիր՝ իրար խառնելով (Ես չեմ ջոկելու ճիշտը կեղծիքից): Ու եթե ոչի՜նչ էլ չի մնացել, Կրկնիր ա՛յն խոսքը, որ չի հնացել Եվ որ իսկապես շա՜տ լավ է օգնում: Չե՞ս հիշում: Հիմա հիշեցնեմ: Ասա, Որ... կմեծանամ ու կմոռանամ: Կրկնիր այդ խոսքը. Նա շա՜տ է օգնում՝ Թալիսմանի՛ պես, Հուռութքի՛ նման...
| |
| |