Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:22 | Сообщение # 1 |
| ԱՆԱՀԻՏ
Դու օտա՞ր չես, չէ՞: Բայց ի՞մն էլ չես, հա՞... Դու՝ վաղընջական հինավուրց բագին Փակ շրթունքներով ու բաց աչքերով: Ես՝ մի հեթանոս առայսօր ծպտյալ: Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք, Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ: Իմ թաց աչքերի երկու ափերով՝ Եղեգնիկներով իմ թարթիչների, Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ: Անշարժությունը քո պիրկ ոտների Դարձընում է ինձ մի խոյ օրուկված, Որ պտտվում է չորսբոլորքը քո Ողջ շառավիղով իր ոտնակապի: Նա արածում է այն, ինչ աճում է Իր ոտների տակ և քո շուրջբոլոր, Բայց որոճում է... միայն քե՛զ ու քե՛զ Ու բառաչում է... միայն քե՛զ համար: Քո ստինքները՝ պարսատիկի պես, Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ, Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո Կաղապար դարձան... սկիհի՜ համար: Թվում է, թե քո շրթունքները փակ Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն, Երբ ասում եմ քեզ, որ հետագայում Քեզ գրկել տվին մի... թո՜ւխ մանուկի: Բայց ամեն անգամ խաղաղվում ես դու, Երբ թաց աչքերիս երկու ափերով՝ Եղեգնիկներով իմ թարթիչների, Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ: Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ, Երբ սկսվում է նո՛ր դարագլուխ, Ջանում են մի կերպ խուսափել քեզնից, Իսկ դարագլխի ավարտի վրա՝ Ինքնակամորեն քե՛զ վերադառնում: Անտեսանելի վերջի՛դ ժամանակ, Անտեսանելի սկզբի՛ս պահին Հանդիպում ենք մենք... ու տրվում իրար: Եվ չե՜ն տեսնում մեզ... չի տեսնում նույնիսկ Ո՛չ պատվանդանըդ, Ո՛չ կոշկատակըս... Դու դիցուհի՞ ես; Բայց և ի՜մն ես դու...
| |
| |