Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:06 | Сообщение # 1 |

| ԽԵՂՃ ՈՒ ԽՂՃՈՎ
Խե՛ղճ ու անխի՜ղճ իմ սիրելի, Այսուհետև միշտ թփրտա Հզոր ձեռքում ամենասուրբ այն զորության, Որ բառերի ցուցակի մեջ կոչվում է «խիղճ»: Եվ թփրտա երջանկորեն՝ Քեզ զգալով երանելի: Ես՝ ի ծնե երանելիս, Երանի եմ տալիս և քե՛զ, Եթե պիտի այսօրվանից գերի ընկնես Ու չազատվես, Ու չուզենաս գեթ մի վայրկյան Ազատվել այդ սակավադեպ գերությունից: Այնժամ միայն կհասկանաս քո ջղերով, Թե կա մի տեղ, ուր խրատը ձանձրալի չէ, Եվ քարոզն էլ չի սպանում երգ ու տաղին: Այնժամ միայն դու դիտապաստ քո մազերով կհասկանաս Ճառագայթի շիտակությունն ավանդական, Նաև նրա նմանությունն ասեղի հետ: Եվ քանի որ թելն է մտնում ասեղի մեջ, Ոչ թե ասեղը թելի մեջ. Եվ քանի որ գալարվողը թելն է միայն, Ոչ ասեղը. Եվ քանի որ, եթե պետք է, Ասեղով են ծակում, ոչ թե նրա թելով,- Ուրեմն այսօր և հավիտյան թող ասեղը կոչվի և խիղճ, Իսկ սիրելի՛ս, խե՜ղճ սիրելիս, Դու մի՛ հոգա թելի համար. Թելը կգա, քեզ կգտնի, Ինչպես մեղքն է մարդուն գտնում... Եվ դրանով դու չես դառնա Ու չես կոչվի երբեք Դերձակ: Դու կդառնաս ու կկոչվես Արվեստագետ, Որ մի հոգնած-ազնիվ պահի Կարող է և իջնել... խրատ տալու ցածրությանը, Որովհետև այդ ցածրության լայնածավալ արոտներում Եթե անգամ ծիլ է տալիս, Ավա՜ղ, արմատ չի հաստացնում խիղճ ասվածը: Թե քո ջղերն այդ արմատի մազանոթներն են տարածուն, Ու երբևէ չեն քաղհանվի, Ու չեն լինի արմատախիլ, Ուրեմըն այժմ և հավիտյան երանի՜ քեզ, Իմ խղճով ու խեղճ սիրելի...
| |
| |