Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 12:55 | Сообщение # 1 |

| ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱԽԸ
Ես ի՛նձ համար չեմ վախենում. Կուզե՞ք՝ վա՜ղն էլ ընկնեմ-մեռնեմ: Վախենում եմ ջրի՜ համար Եվ ջրային խճանկար ա՛յն քարերի, Որոնք, ինչպես բիբերի շուրջ, Ասես դառնում սպիտակուց Ու ցոլանք են տալիս ջրին: Վախենում եմ նրա՜նց համար. Վախենում եմ, Որ մի գուցե հետըս նաև իրե՛նց տանեմ... Վախենում եմ նաև հողի՛, հողի՜ համար՝ Մենախոսող ա՜յն մեծագույն ողբերգակի, Ում «Լինել թե չլինելը» այսօր արդեն բարձր է հնչում Մինչև անգամ թեթևսոլիկ քամո՛ւ բերնով, Որ վարակված ու վարակիչ ամպ կարող է քշել-բերել, Մշտածիծաղ-զնգուն ձայնով և անձրևի՜, Որ կարող է անմեղորեն օրհա՛ս փռել՝ Մանուկների երակներում արյունը ջուր դարձընելով: Քանի ես կամ՝ Թվում է, թե հողը դեռ չի՛ կործանվելու, Թե չէ՝ կուզե՞ք... այս վայրկյանիս ընկնեմ-մեռնեմ... Վախենում եմ, որ գնալիս հետս աստղերի ցոլքը տանեմ Եվ աչքերի գիշերական ու ծովական խորքը տանեմ, Կաքավների «կղա»-ն, երգի «լո-լո»-ն տանեմ, Հեռախոսի կարոտ ցրող «ալլո»-ն տանեմ, Մարդու հոգի կտցահարող աղջըկական քելքը տանեմ, Քարանձավի և փակուղու ելքը տանեմ, Տանեմ մարդու զե՛նքը միակ՝ Խե՜լքը նրա, Ու նա մնա անզե՜ն-անզո՜ր Այս սասանվող հողի վրա՝ Մենախոսող ա՛յն մեծագույն ողբերգակի, Ում «Լինել թե չլինելը» լսո՜ղ է պետք, Գոնե լսո՛ղ, լսո՞ւմ եք ինձ, գոնե լսո՜ղ... Վախենում եմ սրա՛ համար, թե չէ՝ կուզե՞ք Ձեր աչքի դեմ ընկնեմ-մեռնեմ այս վայրկյանիս...
| |
| |