Syzan | Дата: Շաբաթ, 19.01.2013, 01:05 | Сообщение # 1 |
| ԻՄ ԿՏԱԿԸ 2.
Ա՜խ, այդ բիճերը, Որ ծեր են ծնվել... Զավա՛կըս, Հիմա ես նրանց առաջ Նույնիսկ, ազնի՜վ խոսք, ինձ վատ եմ զգում: Ինձ վատ եմ զգում, Որ չարացել եմ ես նրանց վրա, Որ թշնամի եմ համարել նույնիսկ, Մինչևիսկ ատել: Սխալվել եմ ես: Հիմա նրանցից Շնորհակալ եմ, անկեղծ եմ ասում: Շնորհակա՜լ եմ: Չէ՞ որ ինձ համար Լավ է, որ նրանք կան ու կլինեն: Չէ՞ որ հենց նրանց ծերության ֆոնին Ջահելությունն է շեշտվում-ընդգծվում: Լավ է, որ կյանքում հաղթել են նրանք: Լավ է, նույնքան էլ արդարացի է: Ախար ամեն մեկն ունի իրավունք Գոնե մի՜ անգամ իր կյանքում հաղթելու: Հերթը նրանցն է - Թող հաղթեն այսօր, Բայց չէ՞ որ վաղը դու ես հաղթելու Կամ քեզ նմանը: Եվ ճիշտ են, ճիշտ են բոլո՜րն աշխարհում - Քսո՛ւն, տխմա՛րը, խե՛ղճը, սրիկա՛ն: Կյանքում ամե՜ն մարդ, Կյանքում ամե՜ն ինչ Ունի իրավունք Արդարացնելու իր գոյությունը: Եվ որտեղի՞ց բերք, Թե պարարտանյութ չպիտի լինի: Ի՞նչ ապաքինում, Թե չի եղել ցավ, Թե ախտ չի եղել: Ի՞նչ վերածնունդ, Եթե չի եղել մահացու դադար: Երջանկությունն էլ չէ՞ որ հենց այն է, Որ չկար երեկ և այսօր հասավ...
| |
| |