Syzan | Дата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:47 | Сообщение # 1 |
| ԳԻՇԵՐԱՄՈՒՏ
Ինքնաշարժերը, Որ մինչև հիմա ասես կույր էին Կատվի նորածին ձագերի նման, Իրար ետևից աչքերն են բացում: Ու լռությունը Արդեն ամեն ինչ հրմշտորում է, Որ իրեն համար կարգին տեղ բացի. Եվ այդ տևական հրմշտոցից է, Որ հեռացած են թվում լեռները: Գինովանում է մենակությունը` Խայամի նման, Գինովանում ու հայհոյում… աստծուն: Բարի շների հաչոցն էլ հիմա Հաչոց չէ կարծես, Աղոթք է` հղված հայհոյված աստծուն, Որ հայհոյողին գթաբար ների: Մութը դառնում է գրատախտակի ջնջոց սպունգե, Մինչդեռ երկինքը Դանդա՜ղ պատվում է աստղաեղյամով: Եվ սկսում են մարդիկ քիչ խոսել Եվ ցածր խոսել, Քանի որ լույսերն ու լապտերները Ավելի լավ են խոսում-զրուցում: Եվ ամեն մի տուն Ազդանշան է ճամփում տիեզերք` Մանկական լացով, Կանչով մայրական, Մեքենաների, Անասունների, Ասես կետգծված շչակ բառաչով Եվ, ամենից շատ, լույսերով այս նույն, Որ մարում-վառվում-թարթվում են անվերջ, Կարծես թե ինչ-որ մի նո՛ր Մորզեի Նո՛ր այբուբենի համապատասխան: Իսկ հետո, Երբ որ մարում են արդեն ձայներն այս բոլոր Ու լույսերն այս նույն, Երևի նաև հասնում է պահը Տիեզերական պատասխանների, Որ ընդունում են մարդիկ… քնի մեջ` Մղձավանջի կամ երազի տեսքով: Բարի երազըս`ձե՜զ, սիրելինե՛ր, Ու ձեր մղձավանջն` ի՛նձ, ձեր սիրելո՜ւն…
| |
| |