Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություններ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ)
Բանաստեղծություններ

grigДата: Չորեքշաբթի, 02.11.2011, 10:59 | Сообщение # 1

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:
Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն:
Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և... դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,
- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:
Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշյունով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն... իզու՜ր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...
Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից,
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով:

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից
(Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա).
Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
Այլև մասու՜նք ես,
Մասու՜նք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած:

Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է:
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:45 | Сообщение # 181

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՏՈՂԱԴԱՐՁՎԱԾ ՍԵՐ

Ես ուզում եմ գրել քեզ երկու տող:

Ահա՛ գրիչ ու թուղթ:
Թանաքամանն ահա՛:

Թանաքամանն ահա՜...
Պատվանդան չէ՞ կարծես,
Որի վրա պիտի ինչ-որ արձան տնկվի:
Եվ այդ պատվանդանին... արձանանում ես դու,
Այն էլ գիտե՞ս՝ ինչպես:
Գիտե՛ս, չասե՜ս սակայն.
(Կան գաղտնիքներ, որոնք գերեզման են գնում,
Եվ կա անկեղծություն, որ չի բացվում երբեք,
Իսկ թե բացվեր՝
Կյանքում այդքան քիչ չէր լինի
Թիվը պոետների)...

Ու չե՛մ գրում ես քեզ,
Ու չե՛մ ասում ես քեզ,
Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված,
Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի:
Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն,
Ինչպե՞ս պոկեմ, ասա՛, որ գեթ կապվի մի կերպ
Քեզ նախորդած էջի և հաջորդող էջի
Ա՛յն իմաստը, որ ես հասկանալ եմ ջանում:
Եվ իզո՜ւր եմ ջանում,
Որովհետև գիտեմ,
Որ դու սկսվեցիր սխալ տողադարձով
Եվ չես ավարտվո՛ւմ էլ.
Տողադա՜րձ ես արվում...

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:46 | Сообщение # 182

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱԽԸ

Ես ի՛նձ համար չեմ վախենում.
Կուզե՞ք՝ վա՜ղն էլ ընկնեմ-մեռնեմ:

Վախենում եմ ջրի՜ համար
Եվ ջրային խճանկար ա՛յն քարերի,
Որոնք, ինչպես բիբերի շուրջ,
Ասես դառնում սպիտակուց
Ու ցոլանք են տալիս ջրին:
Վախենում եմ նրա՜նց համար.
Վախենում եմ,
Որ մի գուցե հետըս նաև իրե՛նց տանեմ...

Վախենում եմ նաև հողի՛, հողի՜ համար՝
Մենախոսող ա՜յն մեծագույն ողբերգակի,
Ում «Լինել թե չլինելը» այսօր արդեն բարձր է հնչում
Մինչև անգամ թեթևսոլիկ քամո՛ւ բերնով,
Որ վարակված ու վարակիչ ամպ կարող է քշել-բերել,
Մշտածիծաղ-զնգուն ձայնով և անձրևի՜,
Որ կարող է անմեղորեն օրհա՛ս փռել՝
Մանուկների երակներում արյունը ջուր դարձընելով:

Քանի ես կամ՝
Թվում է, թե հողը դեռ չի՛ կործանվելու,
Թե չէ՝ կուզե՞ք... այս վայրկյանիս ընկնեմ-մեռնեմ...

Վախենում եմ, որ գնալիս հետս աստղերի ցոլքը տանեմ
Եվ աչքերի գիշերական ու ծովական խորքը տանեմ,
Կաքավների «կղա»-ն, երգի «լո-լո»-ն տանեմ,
Հեռախոսի կարոտ ցրող «ալլո»-ն տանեմ,
Մարդու հոգի կտցահարող աղջըկական քելքը տանեմ,
Քարանձավի և փակուղու ելքը տանեմ,
Տանեմ մարդու զե՛նքը միակ՝
Խե՜լքը նրա,
Ու նա մնա անզե՜ն-անզո՜ր
Այս սասանվող հողի վրա՝
Մենախոսող ա՛յն մեծագույն ողբերգակի,
Ում «Լինել թե չլինելը» լսո՜ղ է պետք,
Գոնե լսո՛ղ, լսո՞ւմ եք ինձ, գոնե լսո՜ղ...

Վախենում եմ սրա՛ համար, թե չէ՝ կուզե՞ք
Ձեր աչքի դեմ ընկնեմ-մեռնեմ այս վայրկյանիս...

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:46 | Сообщение # 183

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՔԱՐԵ ՀՅՈՒՐԸ

Աչքերըս՝
____Ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը:

Մատներըս՝
____Հինգ հրթիռ-սլացում,
Եվ քոնն է ողջ ուղեծիրը:

Խոսքերըս՝
____Մեռած մի լեզվի
Վիմագիր: Դո՛ւ պիտի վերծանես:

Ու ես էլ՝
____Քարե հյուր ձեր բակում,
Ձեր տանը, քո սրտում մինչևիսկ:
Եվ գիտեմ.
____Կա՛մ ես՝ քեզ, կա՛մ դու ինձ
Վաղ թե ուշ պիտի կործանենք...

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:47 | Сообщение # 184

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԱՆՊԱՇՏՈՆ ԳԻՇԵՐԱՊԱՀԸ

Եթե լինեի ես գիշերապահ,
Ո՛չ մի գողություն չէր էլ կատարվի:
Հանգիստ կքներ ամեն տուն ու բակ
Հին «նանիկ»-ի տակ նորամայր առվի:

Եվ խանութների ցուցափեղկերում
Բազում-բազմազան իր ու առարկա
Ի՛նձ ցույց կտային և հեռվից-հեռու
Աչքով կանեին մեկ-մեկու. «Եկա՜վ»:

Եվ գործ կածեինք մենք ամբողջ գիշեր
Խաղալիքների լեզուն անհոլով:
Մութը մոռացված բաներ կհուշեր,
Ու կկապեինք մենք հինը նորով:

Հարցեր կտային հազար մի տեսակ
Անհասկանալի մեր մարդկայինից՝
Ադամ-արբանյակ-ատոմ-կայենից,
Եվ նրանց «ինչո՞ւ»-ն, նրանց «մի՞թե սա»-ն
Խեղճիս կդներ ճիշտ այն վիճակում,
Ինչ լույսն է զգում ծակուռ-փչակում:

Բայց հետո քամին կգար օգնության,
Ու խոսք կբացվեր խոտից ու ծառից:
Եվ թավշե արջուկն առանց հոգնության
Կսկսեր պատմել թղթե անտառից:

Ու նապաստակներ ռետինակաշի՝
Օդանավերի թևերին պպզած,
Կխլշտեին ականջները ժիր
Ու կլսեին մանկորեն ապշած:

Հետո... կանացի լաչակներ պես-պես,
Զգեստներ գունեղ, նրբին կոշիկներ
Կսարքեին մի ճոխ պարահանդես,
Որից փակուղու մութն էլ կշիկներ:

Եվ մութն իսկապես մաշվում է-մաշվում,
Լույսը դառնում է խավարին դրկից...
.......................................
Կիսամերկ մի կին հինգերորդ հարկից
Նկատում է ինձ ու ետ է քաշվում:

Իսկ նա կհիշի՞ անկողնում իր տաք
Այն տարօրինակ միայնակ մարդուն,
Որ ման է գալիս այս պատերի տակ
Եվ այս ուշ ժամին տակավին արթուն՝
Խաղալիքների լեզվով անհոլով
Հարցեր է լուծում համաշխարհային,
Կանանց անմարմին հագուստ ու շորով
Սարքում է շքեղ հանդես պարային՝
Այն ապակեպատ թղթե անտառում,
Որտեղ թավշամաշկ արջուկն է ճառում՝
Հետն էլ լիզելով թաթն իր անմեղըր...
.......................................
Թե գողություն է կատարվել երեկ՝
Ի՛նձ ինչ. պահակ չեմ, ուրեմն՝ անմեղ եմ...

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:48 | Сообщение # 185

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՎԱՀԱԳՆԻՆ

Աստվածն էիր իմ հայրերի
Եվ սակայն
Հիմա արդեն որդի՛ ես դու, հայորդի՜,
Ու կարող է, որ կոչվում ես Ժակ կամ Ժան,
Ու կարող է, որ վատ գիտես հայերեն:
Եվ ես հիմա քեզ եմ դիմում՝ եղբո՛ր պես,
Ավա՛գ եղբոր կամ, թե կուզես, հո՛ր նման:
Չե՜մ աղոթում, այլ պահանջո՛ւմ սաստումով,
Զո՛հ չեմ բերում, այլև զո՜հ եմ պահանջում՝
Իրավունքով այն չգրված, բայց անջինջ,
Որ իմ ու քո նախնիներն են տվել ինձ
Եվ այլևս չեն կարենում ետ առնել...

Վահա՛գն,
Վահա՛գն,
Իմ հարազա՜տ անծանոթ,
Աստվա՛ծ գիտե, թե ո՜ւր են նետված ու միտված.
Իմ երակին կպած երակ հեռավոր,
Իմ բազուկից զուգաճյուղված դու բազուկ,
Դու կիսագունդ իմ իսկ արյան գնդիկի,
Իմ մոր որդի և հոր զավակ տնեդուրս:
Մի՞թե պիտի ուրախացնենք թշնամուն՝
Քո կորըստով,
Քո հալում ու ձուլումով՝
Այդ նորօրյա-այլափոխված զուլումով:
Մի՞թե պիտի ուրախացնենք թշնամուն,
Ա՛յն թշնամուն, որ քո հողից քեզ զրկեց,
Սակայն հողըդ քեզնից պիտի չզրկվի՛,
Եվ չի՜ զրկվի, քանի դու չես կամենում...

Վահա՛գն,
Դու թոռ Վիշապաքաղ Վահագնի,
Մի՞թե պապիդ արյունը ջուր է դարձել
Քո այն բանուկ երակներում, որոնց մեջ
Արյան փոխվեց ճերմակ կաթը Աստղիկի:
Մի՞թե ամեն հարկի ներքո հայկական
Լուսադեմին էլ սիրո մեջ չեն երկնում
Երկիր, երկին, ապա թե ծով ծիրանի,
Որ դուք կարմրիկ եղեգնիկի ծոց-բոցից
Վազեք հուրհեր, ու բոցմորուք, ու բոցբեղ,
Վազեք դեպի ա՛յն վիշապը, որ միայն
Ձևն է փոխում, իսկ էությունը՝ երբեք:
Ա՛յն վիշապը, որ իր մարմնով ճաքճաքուն
Բոլորակ է քաշել հողիդ հայրական՝
Պոչի վրա դրած գլուխն իր արնոտ,
Եվ ուր որ է պիտի իր պոչն իսկ խածի:
Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
Չընդդիմանաս, չդիմանաս ու կորչես:
Բայց չի՛ խածի իր պոչը նա, եթե դու
Ջազի միջով Գողթան փանդիռ չըորսաս:
Եվ չի՛ խածի իր պոչը նա, եթե դու՝
Ինքըդ գուցե արդեն մի Ժակ կամ Ժուլետ,
Զավակներիդ վաղը անսուտ զղջումով
Չմըկրտես նորից Վահագն ու Աստղիկ:
Եվ չի՛ խածի, լա՜վ իմացիր, չի՛ խածի,
Ինքն իր պոչը չի՛ խածի նա, եթե դու
Չհասկանաս արք-արարքը պապիկիդ՝
Ա՛յն Վահագնի, որ քայլ քայլեց երկնքով՝
Հարդագողի ճամփան իբրև հետք թողած:
Ստիպված էր նա գնալու, ինչպես դու:
Բայց նա գնաց ու... ե՛տ դարձավ: Չմնա՜ց:
Մենք երկնքում մեր ոտնահետքն ենք թողել,
Որ կոչվում է Հարդագողի ճանապարհ,
Եվ բա՜վ է դա, մեզ բա՜վ է դա, սիրելի՛ս:
Հարդագողի հետքե՞ր թողնել վերստին
Եվ այս անգամ երկրի՞ վրա, աշխարհի՞,
Նրա լայնքին ու երկայնքի՞ն... խաչի՛ պես:
Շա՞տ չէ արդյոք,
Վա՞տ չէ արդյոք, սիրելի՛ս.
Հարդագողի ճամփա թողնել... խաչի՛ պես,
Ճիշտ ա՛յն խաչի, որ տարել ենք դարեդար
Ու տանում ենք, ու դեռ չենք էլ հասկանում՝
Մե՞նք ենք արդյոք նրան տանում, թե՞ նա մեզ...

Վահա՛գն,
Վահա՛գն,
Եղբա՛յր, որդի՛, հարազա՜տ,
Իմ երակին կպած երակ հեռավոր,
Իմ բազուկից զուգաճյուղված դու բազուկ,
Դու կիսագունդ իմ իսկ արյան գնդիկի,
Իմ մոր որդի և հոր զավակ տնեդուրս.
Մենք,
Որ անցանք Հրո Երկրի ցուրտ-պաղից,
Բարեհուսո Հրվանդանի դեմ-դիմաց
Ինչպե՞ս, ինչո՞ւ պիտի իրար կորցընենք:
Թող որ կորչի մեր թշնամի՜ն, մենք ինչո՞ւ.
Հերթը նրա՜ն, ո՛չ թե մերն է, սիրելի՜ս:

Ուրեմն արի՛, իսկ քանի դեռ չես եկել,
Վահա՛գն մնա,
Եվ Աստղիկը՝ հարսը իմ,
Թո՛ղ պարգևի նոր-նոր ուստրեր ու դուստրեր՝
Ամեն մեկը՝ մի նոր Վահագն ու Աստղիկ,
Մազերն իրենց, դրոշի պես, բաց արած
Բարեհուսո Հրվանդանի հովերին,
Իմ օդային պագի պես տաք հովերին:

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:49 | Сообщение # 186

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՄԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ

Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ,
Մեզանից մեկը՝
Կամ ես, կամ թե դու:
Թե դու չես այստեղ՝
Ապա ինչպես է,
Որ ինձ հետ ես միշտ՝
Իմ սենյակի մեջ,
Իմ մատների տակ,
Իմ լեզվի վրա:
Թե ես չեմ այստեղ,
Ապա ինչպես է,
Որ ես հետդ չեմ՝
Քո սենյակի մեջ,
Քո մատների տակ,
Քո լեզվի վրա:
Ճիշտն այն է գուցե,
Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում.
Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես,
Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ:
Այսպես գալիս ենք մենք դեպի իրար,
Դու՝ ինձ մոտ,
Ես՝ քեզ
Եվ... չենք հանդիպում... այս քանի տարի

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:50 | Сообщение # 187

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից
Գալիս է բույրը հին-հին դարերի,
Անգին քարերի,
Պարտեզի, շոգի ու խոնավության,
Երկնքի, հողի ու խոնարհության,
Մինչդեռ փեշերից՝
Բույրը թարմ հացի,
Հոտը խնձորի կամ սերկեվիլի,
Որ քուն են առնում նրանց փոթերի ու դարսերի մեջ՝
Հայրական տնից բերած սնդուկում...

Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում:
Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝
Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ...

Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝
Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝
Շնորհիվ... նրանց հավատարմության:
Եվ ամեն անգամ նրանք մտնում են անկողինն իրենց,
Ինչպես մտնում են սրբացած տաճար,
Իսկ եթե նրանց այդ նույն բանն ասես,
Կխաչակնքեն երկյուղածորեն՝
Այդ համարելով սրբապղծություն...

Ու երիտասարդ նրանց ձեռքերը նուրբ են առավել,
Քան իրենց սրտի թաղանթը նույնիսկ,
Մինչդեռ մայրական ու մամիկական ձեռքերը նրանց
Գնալով անվերջ փոխվում են-փոխվո՜ւմ
Ու նմանվում են... երկրի կեղևի՛ն.
Սարե՜ր կան այնտեղ, ձորե՜ր, անդունդնե՜ր՝
Կոշտուկի՛ տեսքով,
Կնճիռի՛ տեսքով,
Տեսքով խորշոմի՜...

Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով,
Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ
Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք
Սիրով են կրում բովանդակ կյանքում...

Անցնելով փշոտ ճանապարհները առի և փախի՝
Բոբիկ ոտքերին կծկել են նրանք
Իրենց հայրենի գետակն ու առուն,
Ցավից մշուշված իրենց աչքերում
Տարել են իրենց ծուխը ծխանի
Եվ իրենց հոգնած շալակին առել
Ոչ միայն մանչին կամ մի մագաղաթ,
Այլ մի բովանդակ... բնիկ հայրենի՛ք,
Մի ծա՜նըր, ծանը՜ր, ծանը՜ր հայրենիք՝
Իրենց կանացի թիկունքին կպած
Ա՛յն կուզի նման կամ ա՛յն սապատի,
Որ շտկըվում է լոկ գերեզմանո՜ւմ...

Ինչե՜ր չեն տեսել նրանք այս վերջին հազարամյակում...

Հաճախ են նրանք իրենց պաշտպանել
Տաք խաչերկաթով
Կամ եռման կաթով:
Նրանց հայրենի անխիղճ ու բարի քարափներն անտակ
Ու կամուրջները չար ու ողորմած
Մեկ անգամ չէ, որ նրանց փրկել են անպատվությունից,
Որպեսզի ապրած դժոխքից հետո
Մարտիրոսացած մտնեն դռներից ա՛յն Արքայության,
Որ եթե չկա ու չի էլ եղել,
Ապա անպատճառ ստեղծվեր պիտի
Հենց սրա՜նց համար:

Իսկ եթե մահը եղել է անգութ
Ու ժամանակին չի տարել նրանց,
Ու եթե նրանք ընկել են հարեմ՝
Առևանգիչի, լլկողի համար ծնել են նրանք
Միայն... ապուշնե՜ր և կամ... դահիճնե՜ր...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:01 | Сообщение # 188

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԽԵՂՃ ՈՒ ԽՂՃՈՎ

Խե՛ղճ ու անխի՜ղճ իմ սիրելի,
Այսուհետև միշտ թփրտա
Հզոր ձեռքում ամենասուրբ այն զորության,
Որ բառերի ցուցակի մեջ կոչվում է «խիղճ»:
Եվ թփրտա երջանկորեն՝
Քեզ զգալով երանելի:

Ես՝ ի ծնե երանելիս,
Երանի եմ տալիս և քե՛զ,
Եթե պիտի այսօրվանից գերի ընկնես
Ու չազատվես,
Ու չուզենաս գեթ մի վայրկյան
Ազատվել այդ սակավադեպ գերությունից:
Այնժամ միայն կհասկանաս քո ջղերով,
Թե կա մի տեղ, ուր խրատը ձանձրալի չէ,
Եվ քարոզն էլ չի սպանում երգ ու տաղին:
Այնժամ միայն դու դիտապաստ քո մազերով կհասկանաս
Ճառագայթի շիտակությունն ավանդական,
Նաև նրա նմանությունն ասեղի հետ:
Եվ քանի որ թելն է մտնում ասեղի մեջ,
Ոչ թե ասեղը թելի մեջ.
Եվ քանի որ գալարվողը թելն է միայն,
Ոչ ասեղը.
Եվ քանի որ, եթե պետք է,
Ասեղով են ծակում, ոչ թե նրա թելով,-
Ուրեմն այսօր և հավիտյան թող ասեղը կոչվի և խիղճ,
Իսկ սիրելի՛ս, խե՜ղճ սիրելիս,
Դու մի՛ հոգա թելի համար.
Թելը կգա, քեզ կգտնի,
Ինչպես մեղքն է մարդուն գտնում...
Եվ դրանով դու չես դառնա
Ու չես կոչվի երբեք Դերձակ:
Դու կդառնաս ու կկոչվես Արվեստագետ,
Որ մի հոգնած-ազնիվ պահի
Կարող է և իջնել... խրատ տալու ցածրությանը,
Որովհետև այդ ցածրության լայնածավալ արոտներում
Եթե անգամ ծիլ է տալիս,
Ավա՜ղ, արմատ չի հաստացնում խիղճ ասվածը:
Թե քո ջղերն այդ արմատի մազանոթներն են տարածուն,
Ու երբևէ չեն քաղհանվի,
Ու չեն լինի արմատախիլ,
Ուրեմըն այժմ և հավիտյան երանի՜ քեզ,
Իմ խղճով ու խեղճ սիրելի...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:02 | Сообщение # 189

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՄԵԿԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳ ԵՐԵՔ ԱՂՋԿԱ ՎՐԱ

Երեք աղջիկ քայլ են քայլում փողոցով:
Երեք աղջիկ փայլ են փայլում փողոցով:
Քայլո՜ւմ-փայլո՜ւմ, չե՛ն էլ նայում ոչ մեկին,
Բայց և այնպես տեսնում են պարզ ու մեկին,
Որ բոլո՜րն են իրենց նայում դողոցով:

Երեք աղջիկ ծիծաղում են անառիթ
Ու թվում են... ու թվում են անառիկ:
Տեսնես՝ ո՞վ է նրանց անուն հորինել:
Երկուսինը՝ ի՜նչ ուզում էր թող լիներ,
Միայն մեկին... մեկին լիներ Քնարի՛կ:

Երեք աղջիկ դաս են սերտում մեկուսի:
Տեսնես՝ ո՞վ է փարվում նրանց մերկ ուսին:
Մեկին ինչ-որ մեկը սիրեր, մինչդեռ ես,
Ես սիրեի գոնե... գոնե երկուսին:

Երեք աղջիկ գուցե ասեն ինձ «քեռի»՝
Նայելով իմ ճերմակացող քունքերին:
Իսկ ես ինչպե՞ս իմ հայացքով չգրեմ
Բիբերի մեջ նրանց ծիծղուն աչքերի.
«Մեկիդ մերժման ցավը մի կերպ կկրեմ,
Իսկ երկուսի՛դ, գեթ երկուսի՛դ... կսիրե՜մ»:

____________________2
Նրանք՝ դալա՜ր, իսկ ես՝ահա ա՛յս տարիքին:
Երեք աղջիկ ինձ են սիրում, ես՝ երեքին.
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ի՛նձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ իրար բնա՜վ չեն ճանաչում,
Ես դրանից, անկեղծ ասած, չե՛մ ամաչում,
Որովհետև ես չեմ խաբում և ո՛չ մեկին.
Ինձ՝ երեքը, իսկ ես սիրում եմ երեքին՝
Մեկին՝ ի՛մ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նմա՛ն:

Երեք աղջիկ երջանիկ են, ես՝ առավե՜լ:
Ո՛չ մի անգամ ո՛չ մեկն ինձնից չի՛ խռովել,
Տառապանքից չի՛ պառավել
Ու կարոտից չի՛ խորովվել,
Որովհետև նույնիսկ հիմա՝ այս տարիքին,
Երեք աղջիկ ինձ են սիուրմ, ես՝ երեքին.
Մեկին՝ իմ պես,
Մյուսին՝ ինձ պես,
Ու երրորդին էլ՝ ինձ նման:

Երեք աղջիկ թե հանդիպեն մի օր իրար,
Պիտի խոսե՜ն-խոսե՜ն իրենց սիրուց իրավ,
Ու չիմանան, որ սիրում են մեկին՝
Նրա՛ն,
Ով սիրել է իրենց մեկտեղ.
Մեկին՝ իմ պես,
Մեկին՝ ինձ պես,
Իսկ երրորդին էլ՝ ինձ նման...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:02 | Сообщение # 190

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՊԻՏԻ...

Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն
Վերջ ունենա՞ պիտի...

«Պիտի… այսպես անենք,
Պիտի... այնպես անենք:
Պիտի... այսպես լինի,
Պիտի... այնպես լինի:
Պիտի... պիտի... պիտի»...

Այսպես «պիտի»-ն պիտի
Նստի գահի վրա,
Իսկ մենք մնանք ոտքի,
Երկրպագենք նրան...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:03 | Сообщение # 191

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՀԱԶԸ

____Շա՜տ է շատացել աղմուկն աշխարհում,
____Շատացել այնքա՛ն,
____Որ լռությունը բարկացել է խիստ,
____Եվ դրանից է սնդիկը ելնում ջերմաչափն ի վեր՝
____Բանտարկված ինչ-որ վհուկի նման՝
____Մեզ վախեցնելով ու վկայելով,
____Որ Երկրագունդը թոքերի աճող բորբոքում ունի,
____Եվ մենք ամենքս էլ ջերմություն ունենք:
____Մեր ջերմությունը
____Լռության սաստիկ բարկությունն է հենց,
____Եվ նրա ցասում-բողոքն է նաև

Հա՛զը,
Այս հա՜զը,

____Որ կարծես արդեն տիրակալական հովեր է առնում
____Եվ համատարած աշխարհը բռնում...

____Ու սաստկանում է այս հազը նաև... ծխից ու մխից,
____Ուտի՛չ, թունավո՛ր ծխից ու մխից,
____Որ շատացել է աղմուկի չափով,
____Քանի որ ծուխը նրա շունչն է հենց...

____«Ծուխ էր դուրս ելնում եղեգա՜ն փողից»...
____«Օ ծո՜ւխ ծիրանի»...
____Իսկ այժըմ արդեն
____Ծուխ են դուրս փնչում ո՛չ միայն կանայք,
____Նույնիսկ ո՛չ միայն աղջիկներն անկոնք.
____Ծխող են դարձել իրե՛րը նաև,
____Առարկանե՛րը,
____Մետաղնե՛րն անգամ.
____Ամեն մեքենա ծխով է շնչում,
____Ամեն գործարան ծուխ է դուրս փնչում:
____Ծխնելուզային գլանակները ցցելով երկինք՝
____Նրանք ծխի հետ տարածում են հազ...

Հա՛զը,
Այս հա՜զը,

____Բռնել է հիմա նաև երկինքը.
____Կապույտ երկինքը
____Սուր վարակվել է ա՛յն կապույտ հազով,
____Որ այլևս արդեն
____Միայն մանկական հիվանդություն չէ,
____Այլ հիմա նաև երկնայի՛ն մի ախտ,
____Տիեզերակա՛ն մի հիվանդություն:
____Եվ ամեն տեսակ օդանավերի

Հա՛զը,
Այս հա՜զը,

____Այս կապո՛ւյտ հազը
____Հնչում է հիմա մեր գլխից վերև,
____Նաև մեր գլխի վերևից վերև,
____Որտեղ ծխում են ոչ միայն ամպեր հնավանդական,
____Այլև անիմաց ինչ-որ մի ոգի,
____Որի անունն էլ չեն ուզում ասել,
____Ինչպես որ չարքին անվամբ չեն կոչում...

____Արբանյակների ծխին համաչափ
____Ծուխն է խառնըվում ա՛յն հրթիռների,
____Որ ունեն երեք, չորս ու հինգ գլուխ՝
____Քաղաքակրթված դևերի նման...
____Եվ լռությունն է բարկանում կրկին
____Ու ջերմաստիճան դառնում երկնքին,
____Որ տենդի մեջ է
____Եվ ում քրտնքի
____Անձրև կոչեցյալ կաթիլներն արդեն
____Հաճախ են դառնում ախտ սոդոմական,
____Որ բուժո՜ւմ չունի
____Եվ որի ճչան նախանշանը
Հա՜զն է,
Ա՛յս հազը...

Հազի՜ց,
Ա՛յս հազից
____Բուժվե՜նք շուտափույթ,
____Որ քամի՜ն հազա
____Քարանձավների՛,
____Խողովակների՛,
____Փչակների՛ մեջ
____Եվ փողոցային լուսամփոփների կենտ կոպերի՛ տակ,
____Հազա մշտական թրթիռով սրտի ու խորհրդավոր՝
____Ա՛յն հավերժական սիրահարի պես,
____Որ իր գալուստն է ավետում հազով...

Հազի՜ց,
Ա՛յս հազից
____Բուժվե՜նք շուտափույթ,
____Որ ամեն մի տան դռան մոտ հազա
____Ավտոմեքենա՛ն հարմար ու էժան՝
____Հրավիրելով մի զբոսանքի,
____Որի վերջն ունի «համբույր» գրություն...

Հազի՜ց,
Ա՛յս հազից
____Բուժվե՜նք վերջապես,
____Որ հազը դառնա տեր ու տնօրեն
____Աշխարհի ամեն նավահանգստում,
____Կայարաններո՛ւմ համայն աշխարհի,
____Նաև երկնքո՛ւմ,
____Նաև երկնքո՜ւմ,
____Որ նո՛ւյնպես ունի լայնացման կարիք:

Երկրին
____ու
Երկնին
____Թոքերի առողջ լայնացո՜ւմ է պետք...
____Ո՛չ թե թոքերի ահեղ բորբոքում...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:04 | Сообщение # 192

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԾԱՌԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Չէ՛, շա՜տ եղավ,
Էլ շա՜տ եղավ այս թթվադեմ փնթփնթոցը...

Ծառերն անգամ
Ունեն իրենց բարությունը՝ զով ստվերը,
Որ անվճար մեզ են հանձնում,
Որպեսզի մենք նստենք նրանց բարության մեջ
Ու... չարանա՞նք՝
Եթե անգամ ոչ խեղճ հողի,
Ապա նրա թեկուզ և վատ տիրո՞ջ վրա...

Բայց ծառերը նաև կանաչ սլաքներ են,
Որ մեզ անխոս հրավիրում
Ու խնդրում են նայել... վերև՜...

Կույրե՞րն են միշտ քայլում՝ դեմքը վերև տնկած:
Իսկ մշտապես ցած նայողը կույր չէ՞ արդյոք...

Եկեք մենք էլ վերև նայենք՝
Ո՛չ թե կույրի, այլ ծառի՜ պես,
Որպեսզի մեզ երբեմն զգանք
Քիչ ավելի մոտիկ օդին, քան թե հողին...

Իսկ շատ չեղա՞վ մեր այս տտիպ քմծիծաղը
Սրա՛ - նրա՛
Ամե՛ն ինչի,
Կյանքի՜ վրա:
Բավակա՜ն է.
Եկեք ժպտա՛նք,
Եվ ո՛չ թե լոկ մեր շուրթերով ու աչքերով,
Այլ ո՜ղջ մարմնով՝ այնպե՛ս, ինչպես
Ամբողջ մարմնով է կատարվում ամեն մի պար:
Թե չէ անվերջ փնթփնթալով կյանքի վրա
Արդեն կյանքն ենք վիրավորում շա՛տ ավելի,
Քան կյանքն է մեզ վիրավորել...

Թող ծառերը գրկախառնվեն
Իրենք իրենց բարության հետ՝
Զով ստվերի,
Ու քիչ քնեն,
Որ... չլսե՜ն մեր քացախած քրթմնջոցը,
Իսկ մենք
Նրանց մատնանշիչ սլաքներին հետևելով՝
Նայենք վերև՜,
Մտերմանանք ա՛յն օդի հետ,
Որ իշխում է ոչ թե հողի տիրո՛ջ վրա,
Այլ հենց նաև հողի՛ վրա, նաև հողի՜:
Մտերմանանք ա՛յն օդի հետ,
Որ չի անցնում լոկ մարդկային շնչափողով,
Այլև փողով արդարությա՜ն՝
Շեփորելով և ՛ արյունող կարեկցանքի,
Ե՛վ արյունոտ հաղթանակի,
Ե՛վ ծանրագին ուրախության
Բեթհովենյան երգը հուժկու...

Ու եթե դեռ ոմանք պիտի կրկին գրկեն
Ծանոթ թառը
Եվ օրորեն իբրև մանկան, որ... լաց լինի,
Ապա ինքըս
Ձե՜զ եմ ուզում իբրև մանկան իմ գիրկն առնել,
Ի՜նձ եմ ուզում իբրև մանկան իմ գիրկն առնել
Եվ օրորե՛լ,
Եվ օրորե՛լ,
Որ այսուհետ... չթնգթնգաք,
Որ այսուհետ... չթնգթնգամ...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:05 | Сообщение # 193

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՄԻ՛... ՉԻ՛...

Մի՛ անիր (այս),
Մի՛ անիր (այն),
Մի՛... մի՛... մի՛... մի՛...

Չի՛ կարելի (այս բանն անել),
Չի՛ կարելի (այն բանն անել).
Չի՛... չի՛... չի՛... չի՛...

Այս «մի»-ն ու «չի»-ն աջից-ձախից,
Իբրև երկու փակագծեր,
Անլուծելի խնդրի նման
Մեր ողջ կյանքն են մեջտեղ գցել:
Եվ այս խնդիրն ո՞վ կլուծի...

grigДата: Երկուշաբթի, 12.12.2011, 21:05 | Сообщение # 194

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ

Քամին փոշուց ծուխ էր սարքում,
Ծուխ անկրակ,
Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ,
Իսկ դրանից ձանձրանալով՝
Վճռում խաղալ պահմտոցի,
Եվ պահվում էր,
Այնպե՛ս պահվում,
Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»:

Օրը քակել իր ծալքերը
Ու փռել էր աշխարհով մեկ.
Մի ծալքից՝ շո՛գ,
Երկրորդից՝ տա՛պ,
Երրորդից՝ տո՛թ:
Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից:
Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս:

Լռություն էր մի այնպիսի՜,
Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել:
Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով,
Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ,
Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած,
Այլ հեկեկում - ջղաձգվում...

Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա
Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝
Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ:
Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին,
Որ աղջըկա քայլվածքի հետ
Իր ողջ կապույտ մակերեսով
Աջ էր գնում - ձախ էր գալիս,
Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ
Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ,
Ջրի հետ էլ՝ երկինքը մով:
Եվ ջուրը չէր ելնում-իջնում,
Կարծես երկինքն էր դույլի մեջ
Գլխապտույտ զգում անվերջ...
Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով,
Որ քունն ինձնից անմեղ տեղը,
Խռովել է ու... լքե՛լ ինձ:

grigДата: Չորեքշաբթի, 14.12.2011, 20:41 | Сообщение # 195

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԲԱՐԻ ՕՐ

Իմ օրը երեկ աղքատ էր այնքան,
Որքան դրախտի նկարագիրը՝ սուրբ գրքերի մեջ,
Քանի որ լինել նշանակում է մասամբ ունենալ,
Իսկ ինձ թվում էր, թե չկա՜ էլ սեր,
Թե դարձել է նա արդեն սովորույթ...
Եվ երեկ աղքատ ու խեղճ էի ես,
Չար չէի բնավ, բայց աղքատ էի,
Անստվեր էի՝ անապատի պես.
Տա՛լ էի ուզում՝ տալո՛ւ բան չկար:
Ու ծանր էր մարդկանց «բարի օր» ասել.
Թվում էր, թե ես այդ «բարի օր»-ով
Նրանցից ինչ-որ բան եմ հայցելու,
Որ նրանք պիտի տան չկամությամբ...

Իսկ իմ օրն այսօր այնքան է բարի,
Որ կարելի է հացի տեղ ուտել,
Խաղալիքի տեղ տալ լացող մանկան,
Ծալել՝ իբրև թարմ հրավիրատոմս,
Բաժանել մարդկանց, որ երբ բաց անեն՝
Իրե՛նք ողողվեն ցոլքով բարության:

-Ծանո՜թ-անծանո՜թ մարդիկ, բարի օ՛ր...

Եվ օրն իմ այսօր այնքան է լեցուն,
Որ եթե նույնիսկ ինձ գետին զարկեն՝
Ես կփշրվեմ իբրև... գանձանակ,
Եվ հարստությունն ու կայքը հոգուս
Բարի զնգոցով շա՜ղ կգա չորս կողմ՝
Շփոթեցնելով և ապշեցնելով
Նաև ջարդողի՛ն,
Նո՛ւյնիսկ ջարդողին:

-Բարի օր... և ինձ ջարդողի՜ն անգամ...

Եվ կա կանչ արյա՜ն, որով մեր նախնիք
Դարերի խորքից մեր մեջ են խոսում,
Մեզ հետ են խոսում մե՛ր իսկ բերանով:
Եվ կա բնության անմերժ հրավեր,
Որից ընտանի կենդանին անգամ
Վայրենանում է հանկարծ վերըստին:
Արյան այդ կանչն է հիմա իմ բերանում դառնում
-Բարի օ՜ր,
Եվ քեզ է ահա հասցեագըրվում,
Քե՛զ, իմ սիրելի՜, ում անմեղ մեղքով
Ես աղքատ էի երեկ տակավին,
Ինչպես դրախտը՝ սուրբ գրքերի մեջ,
Իսկ այսօր՝ բարի՛,
Իսկ այսօր՝ լեցո՛ւն... Տոլստոյի՜ չափ:

Թո՛ղ թագավորի այդ բարին այնտեղ,
Ուր դեռևս կա թագավորություն,
Թո՛ղ նույն այս բարին նախագահ դառնա ամեն մի երկրի,
Աշխարհիս բոլոր պետություններին դառնա վարչապետ,
Վառելիք դառնա շարժիչների մեջ,
Դըրոշակ դառնա նավերի համար,
Ու ճակատագիր՝ ամեն մի մարդու...
Մենք էլ մտովին, ճամփորդենք սիրով,
Լինենք ամենուր՝ «բարի օր»-ի պես,
Եվ ամենուր էլ դասեր տանք սիրո՝
Ապացուցելով, որ սերն իսկական
Ընդամենը լոկ փոխում է ձևեր,
Երբեմըն թվում սովորույթ անգամ,
Մինչդեռ իսկապես նա նույնն է մնում
Եվ կյանքի միջով, մեր ձեռքից բռնած,
Ապահովաբար առաջ է տանում,
Որ հրե խոսքով մութը ետ հրենք,
Մեր ուսով մղենք ժամանակն առաջ.
Օրվա ճակատից, որպես հին հուռութք,
Կախենք միևնույն զանգը.
-Բարի օ՜ր...
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություններ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ)
Որոնել: