Հոդված
 Տարածությամբ ու ժամանակով մեզ այսքան մոտ Պ. Սևակի կյանքն ուներ լեգենդային մշուշով պարուրված առեղծվածներ: Սակայն առավել ճիշտը, անգամ առեղծվածներից ավելի, անհրաժեշտ է այդ հզոր երևույթի ստեղծագործության խորունկ շերտերի մեջ ներսուզվելը, Պ. Սևակի գեղարվեստական մեծ աշխարհի հետ անմիջաբար հաղորդակցվելն ու նրան համզգալը: Իսկ այդ աշխարհում հայ կյանքի մի ողջ պատմաշրջանի խտացված պատկերն է. այնտեղ գեղագիտական նոր ծրագրերի հետ միասին առաջադրված են մեր ժողովրդի կենսակերպի, անցյալի, ներկայի ու գալիքի գրեթե բոլոր հիմնախնդիրները, և, որ նույնքան կարևոր է, դրանք ներկայացված են գերազնիվ հայի սրտացավությամբ, պարույրսևակյան ուրույն ոճով և նրան բնորոշ՝ կոփածո հստակ բանաձևումներով:
    Պ. Սևակի բանաստեղծական աշխարհը քննելիս նախ անհրաժեշտ է պարզել պոեզիայի նրա ընկալումը, պատկերավորման նրա սկզբունքները և գնահատման չափանիշները. այլապես չի հասկացվի՝ ինչի՞ց էր նա դժգոհ, ո՞ւմ դեմ էր կռվում, բանաստեղծությամբ հարուստ և առատ Հայաստանում ինչո՞ւ էր ներմուծում ռուսական, եվրոպական, ամերիկյան ու մանավանդ իսպանալեզու պոեզիայի ձևերը, ինչպես Սահարայի ավազների անսահմանությունն ունեցող Աֆրիկան նույն Սահարայում շինարարության համար պիտանի ավազ է ներմուծում այլ երկրներից (այս համեմատությունը նա արել է հոդվածներից մեկում և չբավարարվելով դրանով՝ ձևակերպել է նաև չափածո), և ո՞րն է իր նորարարության էությունը: Այստեղ է, որ պիտի դիմենք իրեն՝ Պ. Սևակին՝ տեսնելու համար, թե ի՛նքն ինչպես էր գնահատում իր նախորդներին ու ժամանակակիցներին:
    Պեշիկթաշլյանին նա արդարացիորեն համարում էր մեր նոր քնարերգության առաջին դասականը, Պ. Դուրյանին՝ մեր նոր քնարերգության Վահագնը, առաջին մեծը, որ միշտ լինելու է վերջինի կողքին, Սիամանթոյին անվանում էր ասպետորեն անկրկնելի բանաստեղծ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում էր, թե «բանաստեղծ ածականը քիչ է գալիս Սիամանթոյի համար, ինչպես որ Րաֆֆու համար՝ գրող մակդիրը»: Չարենցի կապակցությամբ էլ ասում էր, թե «որ տարիքում էլ մենք նրան կորցնեինք՝ մեծ բանաստեղծ կորցրած կլինեինք»: Վարուժանի առիթով նա բանաձևում էր, թե ամեն բանաստեղծ նման է մի ամրոցի, որին «հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց գրավել կարելի է միայն մեկ կողմից»:
    Պ. Սևակին էլ հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց ո՞ր կողմից է հնարավոր գրավել նրա բանաստեղծական ամրոցը, պարիսպների՞ց, արդյոք, թե՞ դարպասներից. բայց չէ՞ որ դրա համար անհրաժեշտ է լավ ճանաչել այդ կառույցի ամրություններն ու թուլությունները:
    Իրականության մեջ հակառակորդի ամրոցը գրավելու ելած խելամիտ զորավարն անմատչելի ամրությունների ու անխորտակելի դարպասների վրա չի հարձակվի, այլ իր ուժերը կնպատակամղի թույլ պաշտպանված կետերի վրա: Մարզաշխարհում և մանավանդ շախմատում էլ է այդպես. մրցակիցները հետախուզում են միմյանց պաշտպանական ամրությունները, հակառակորդի ճամբարում հայտնաբերում են պաշտպանական թուլություններ և գրոհում են թույլ թևի, վատ պաշտպանված զինվորների կամ ֆիգուրների վրա:
    Գրականության մեջ, սակայն, գործում են ուրիշ օրինաչափություններ. գրողին հնարավոր է գրոհով նվաճել ու արժևորել նախ և առաջ նրա ուժեղ, դարակազմիկ գործերով, որոնք նրա գրական աշխարհի միջնաբերդն են և ոչ թե թույլ պարիսպները կամ օժանդակ շինությունները: Այդպես էլ Պ. Սևակը պիտի գնահատվի իր իսկական նվաճումներով, գեղարվեստական ուժ ու կշիռ ունեցող մնայուն երկերով և ոչ թե ստեղծագործական որոնումների և հասունացման ճանապարհի այն գործերով, որոնք նույնիսկ կարող են ունենալ քանակական գերազանցություն, բայց ոչ որակական: Սակայն մի ճշմարտություն էլ կա. առանց այդ երկրորդական գործերի՝ լավերը՝ արվեստի տեսակետից ուժեղ գործերը, չէին ծնվի, որովհետև նրանցով է հարթվել գրողի հասունացման ու վարպետության ճանապարհը:
    Ստեղծագործական խառնվածքի և գրական հասունացման տևողության խնդիրն էլ կա: Բանաստեղծներն՝ իբրև երևույթ, ըստ Սևակի՝ պտղատու ծառերի են նման: Միանգամից, առաջին իսկ գրքով համընդհանուր ճանաչման արժանացած «վաղահաս» բանաստեղծներ կան, ինչպես Հովհ. Հովհաննիսյանն իր «Բանաստեղծություններ» գրքով, Իսահակյանն իր «Երգեր ու Վերքերով», Մեծարենցն իր «Ծիածանով» ու «Նոր տաղերով», Սիամանթոն իր «Դյուցազնորենով», Տերյանն իր «Մթնշաղի անուրջներով», Չարենցն իր 1910-ական թթ. բանաստեղծություններով ու պոեմներով, Շիրազն իր «Գարնանամուտով»: Սրանք, ինչպես Պ. Սևակն է ասում, վաղահաս բանաստեղծներ են: Կան նաև աշնանահաս ու ձմեռնուկբանաստեղծներ, որ աստիճանաբար են հասունանում, աճում ու զորեղանում, ինչպես Թումանյանը, Վարուժանը, Պ. Սևակն ինքը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և ուրիշներ, էլ չենք խոսում անդադար գրող և աճի միտում բնավ չդրսևորող բանաստեղծների մասին, որոնք, դժբախտաբար, բոլոր ժամանակներում և ամենուր ունեն քանակական գերազանցություն:
    Պ. Սևակը հռչակվեց «Անլռելի զանգակատուն» պոեմով, որի բերած փառքն ու նրա շուրջ ծագած աղմուկը, սակայն, դյուրավ մարսելի չէր: Նա հայտնվեց գրական կյանքի և պետական աչալուրջ մարմինների ուշադրության կենտրոնում: Դրանից հետո այլևս Պ. Սևակի համար շատ էր դժվարացել Երևանում գիրք հրատարակելը, որովհետև հայրենասիրական ախտանիշներ ու ազգային մտածողություն ունեցող գրական առաջատար ուժերին՝ Հ. Շիրազին, Պ. Սևակին, հետո նաև Հր. Մաթևոսյանին (նրան էլ՝ «Ահնիձոր» հանդուգն ակնարկից հետո) առանց գլավլիտային-գրաքննչական միկրոսկոպով խուզարկելու և մկրատով խուզելու չէին հրատարակում: Այս էր պատճառը, որ ե՛ւ Պ. Սևակը, ե՛ւ Հր. Մաթևոսյանը, քանի որ Մոսկվայում ունեին լայն կապեր, իրենց գրքերը նախ այնտեղ էին հրատարակում ռուսերենով, որպեսզի երևանյան գրաքննիչներին կարողանան ասել՝ տեսե՛ք՝ ռուսները տպել են, դո՞ւք ինչու չեք տպում... Այսպես, Մոսկվայում 1959 թ. տպվելուց հետո, 1963-ին Երևանում որոշ համալրումներով լույս տեսավ «Մարդը ափի մեջ» ժողովածուն, որով հեղինակը բերում էր արվեստի նոր ըմբռնում, նոր տեսակի քնարական հերոս, բանաստեղծության մեջ դառնում էր նոր օրենսդիր՝ սահմանելով «նոր օրենք, նոր կարգ», այսինքն՝ բերում էր որակապես նոր բանաստեղծություն ու գեղագիտություն, որը այն ժամանակներից ի վեր կոչվում է պարույրսևակյան բանաստեղծական աշխարհ:
    Քամին երգում է ինչ-որ եղանակ,
    Որ Բեթհովենին պատիվ կբերեր:

    Մութ հորիզոնին աղոտ ցայգալույս՝
    Մի ռեմբրանդյան նորահայտ նկար:

    Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝
    Իր ողբերգական դրամաներով...

    Իսկ մե՛նք՝ ե՛ս ու դո՛ւ... արվեստ ենք խաղում
    Եվ...մի այնպիսի՜ համոզվածությամբ,
    Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ...
    Ահա և հեղինակի հետ նույնացած պարույրսևակյան քնարական հերոսը. 
    Ե՛ս, որ ինքս ինձ կարող եմ կոչել
    Եկած ապագա,
    Ես նաև քայլող հիշողություն եմ՝
    Ապրո՜ղ պատմություն:
    Թող ներվի ասել,
    Որ իմ արյունը
    Հենց համարյա թե նույն ծագումը ունի,
    Ինչ ունի նավթը.
    Հյութն ու ավիշն է բյուր սերունդների
    Մարդ ու կենդանու,
    Ու թե արյանս լուցկի մոտեցնես՝
    Արյունս նույնպես կարող է վառվե՜լ:
    Բնականաբար, ընթերցողը պիտի կենտրոնանա Պ. Սևակի ստեղծած իրական գեղարվեստական արժեքների վրա, որոնք հիմնականում «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» ժողովածուներում են ընդգրկված: Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջին գրքի բանաստեղծությունների զգալի մասը գրվել է նախորդին համարյա զուգահեռ կամ ժամանակային քիչ տարբերությամբ՝ 1960-66 թթ., ապա հասկանալի կդառնա, որ հատկապես 1957-67 թվականներն են եղել բանաստեղծի ամենից բեղմնավոր ու որակական տեսակետից ամենից արդյունավոր տարիները:
    Այդ որակական կշիռն ստեղծվել էր համաշխարհային բանաստեղծության նորագույն ձևերի յուրացումով ու ազգային գեղարվեստական մտածողության հետ համադրելով: Նույնիսկ որոշ գրական մարդիկ (Նաիրի Զարյան, Աբրահամ Ալիքյան, Գուրգեն Մահարի, Հրաչյա Հովհաննիսյան և ուրիշներ) օտար, մանավանդ ռուս և իսպանալեզու պոեզիայի ձևերի չարաշահման վտանգ էին տեսնում և լրջորեն կշտամբում էին բանաստեղծին: Ավանդական բանաստեղծության սովոր ընթերցողը, սակայն, անգամ որոշ քննադատներ էլ, որոնք բանաստեղծի մահից հետո շտապեցին ներկայանալ իբրև նրա մտերիմ ընկերներ ու բարեկամներ, մի որոշ շրջան դեռևս պատրաստ չէին նրան հասկանալու և արժանավորապես գնահատելու. ոմանք «Զանգակատնից» հետո «Մարդը ափի մեջ»-ը նույնիսկ նահանջ էին համարում, մինչդեռ բոլորովին այլ կարծիքի էր հեղինակն ինքը: «Ականջդ բեր ասեմ», «Թռուցիկ երգեր», «Վերնագիրը վերջում» շարքերը, ինչպես պարզվում է հեղինակային բացատրություններից, նախապես ծրագրված են եղել որպես պոեմներ: Եվ հենց այդ շարքերն էր նա համարում բանաստեղծական հայտնություններ, մանավանդ «Վերնագիրը վերջում»-ը: Ավելին. պարզվում է նաև, որ «Ականջդ...» շարքը, իրոք, սկզբնապես նույնիսկ գրված է եղել որպես պոեմ՝ «Ինքներգություն» խորագրով, հետո դարձրել է «Մարդերգություն»՝ Ռ. Սևակից փոխառությամբ, և վերջնական տարբերակում է դարձել «Ականջդ բեր ասեմ»: Սակայն այդ պոեմները մասնատվել, առանձին բանաստեղծություններ են դարձվել՝ ընթերցողի ընդհանուր մակարդակը նկատի ունենալով և մատչելիության նկատառումներով (Պ. Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 6, Երևան, 1976, էջ 426):
    «Մարդը ափի մեջ» գրքի բանաստեղծական շարքերին իր նամակներից մեկում Պ. Սևակը տալիս է հետաքրքիր մեկնաբանություն: Նա դժգոհ է ազգային-հայրենասիրական բովանդակություն ունեցող «Անլռելի զանգակատուն», «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմներով ու «Հարկ հոգեկան» շարքի բանաստեղծություններով իրեն գնահատողներից՝ դրանց համընդհանուր հաջողվածության գաղտնիքը համարելով հայկական թեման, «հայի հոգուց խոսելը», ա՛յն, որ, «միջակ ու դրանից բարձր ու ցածր ընթերցողները համագումարվում են, համաճաշակավորվում, և ... Պ. Սևակը շահում է ... Իսկ աշխատել միմիայն հայկական թեմայով՝ նշանակում է ոչ միայն կամովին ինքնասպան լինել, այլև ինքնասպանության տանել հենց ողջ հայկականը» (տե՛ս նույն տեղը, էջ 416-417): Իր մասին և ազգային բովանդակությամբ գեղարվեստի մասին անարդարորեն այսպես էր մտածում Պ. Սևակը, որովհետև ինքն էլ էր ձգտում Չարենցի նման ունենալ համաշխարհային հորիզոն ու լսարան: Քիչ ավելի ուշ՝ «Եղիցի լույս» գրքում, նա յուրովի է լուծում հայկական համամարդկայնության խնդիրը: Արվեստագետները, մանավանդ բանաստեղծները, նրա համոզմամբ՝ հիվանդ են մի տեսակճառագայթային ախտով. աշխարհում այդ ախտով հիվանդ իրական մեծությունները մերն են, մերն էլ՝ աշխարհինը.
    Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ.
    Նա նորածի՛ն չէ,
    Այլ առնվազն ութ հազար և ութ հարյուր տարեկան:
    Այդ ախտով էին տակավին հիվանդ
    Հին հելլենացիք, հնդիկները հին:
    Եվ Հոմերոսի կուրությունն իրոք այդ ախտից էր հենց:
    Եվ այդ նույն ախտով գերեզման իջան
    Ձե՛ր Նարեկացին, Շեքսպիրը մե՛ր,
    Ու բոլո՜ր նրանք, ովքեր թոք ունեն՝
    Մեր մոլորակի կիսագնդերի մեծության չափով
    Կամ այնքան մեծ սիրտ, 
    Որ գրավում է տեղն էլ թոքերի...
    ... Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք,
    Լոկ նրա՛նք,
    Ովքեր մենակության մեջ
    Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի.
    Լոկ նրա՛նք,
    Ովքեր այս Երկրագնդի պտույտն զգում են կրունկո՜վ իրենց,
    Եվ արմըտիքի աճումն զգում են իրենց ափերո՛վ,
    Եթե մինչև իսկ իրենց ափերը պահում են օդում.
    Լոկ նրա՛նք,
    Որոնց չեն կարողանում ոչ մի կերպ սիրել
    Բոլո՜ր դարերի արքաներն ամեն
    Եվ կործանում են սրանց ո՛չ միայն աքսորով, բանտում, 
    Այլ նաև սրանց պալատ բերելով
    Ու ...սուտ սիրելով ...
    Պ. Սևակ բանաստեղծը պիտի լուծեր իր և ժամանակի հարաբերության խնդիրը: Չարենցյան «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր» պատգամը դեռ վաղ հասակից յուրացրած Պ. Սևակը հասունացել էր այնքան, որ առաջադրում էր իր բանաձևը «Լինել Ժամանակակից՝ չի նշանակում լինել ժամանակին կից»: Եվ իրոք, Պ. Սևակը ժամանակի գերին չէր, այլ դարին ու ժամանակին ուղի և ընթացք տվող, ժամանակից առաջ ընկած հզոր անհատականություններից մեկը, որը գեղագիտականի հետ միասին առաջադրում էր համազգային խնդիրներ:
    «Անլռելի զանգակատնով» նա աշխարհին ներկայացրեց Կոմիտասին, «Եվ այր մի» պոեմով՝ Մեսրոպ Մաշտոցին, իր դոկտորական ատենախոսությամբ՝ Սայաթ-Նովային, մտադիր էր ներկայացնել նաև Նարեկացուն ու միջնադարի մյուս տաղերգուներին: Մաշտոցը և Նարեկացին հասկանալի են, բայց արտաքուստ կարող է տարօրինակ թվալ Կոմիտասի և Սայաթ-Նովայի նկատմամբ գրեթե հավասար բուռն հետաքրքրությունը: Տարօրինակ՝ զուտ այն իմաստով, որ խնդիրն առնչվում է աշուղական բանաստեղծությանն ու երաժշտությանը:
    Կոմիտասյան դասականություն և սայաթնովյան աշուղականություն թվացյալ հակադրությունը ինչպե՞ս էր համատեղում ինքը՝ Պ. Սևակը: Դա իրոք թվացյալ հակադրություն էր, որովհետև բանաստեղծության մեջ հնացած աշուղականության դեմ մարտնչող Պ. Սևակը կողմնակից էր աշուղականի մեջ բանաստեղծությանը և հիացած էր Սայաթ-Նովայի՝ աշուղական ձևերի մեջ դրսևորած բանաստեղծական հանճարով: Այս պատճառով է, որ Սայաթ-Նովայի կենսագրության, մանավանդ նրա ծննդյան տարեթվի շուրջ Պ. Սևակի հետ վիճողներ եղան (թեև Լ. Դուլյան սայաթնովասերը երգչի թուրքերեն խաղերի ծածկագրերի՝ թուրքական տառերի հենց թուրքական, ո՛չ արաբական թվահամարների կիրառմամբ՝ նոր վերծանումներով հաստատում է Պ. Սևակի ճշմարտացիությունը), սակայն նրա խաղերի գեղագիտական վերլուծման ու արժևորման հետ ոչ ոք չի վիճում ու հակադրում:
    «Մարդը ափի մեջ» գրքով հեղինակն ընթերցողին ներկայանում էր որպես մեծ մարդագետ՝ մարդուն առնելով ափի մեջ, այսինքն` իր համակողմանի տեսադաշտում, և իր պոետական հզոր լուսարձակով զննում ու դիտարկում էր նրան բոլոր կողմերից, բացահայտում մարդկային էության բոլոր խորշերն ու շերտերը՝ արժևորելով նրա հոգևոր էությունը, մտածողությունն ու նկարագրի հատկանիշները` սիրելն ու ատելը, կասկածելն ու մեծամտանալը, հրավիրել-ուրախանալն ու ողբալը, հիասթափվելն ու հավատալը, խոստանալն ու հպարտանալը, գժվելն ու խանդելը:
    Ի՞նչ կարող էր խոստանալ խորհրդային երկրի պատացած օրենքները ճանաչող քաղաքացին.
    Խոստանում եմ
    Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:
    Ինչի՞ համար,
    Էլի՝ պատը կմնա պատ,
    Կպակասի մի լավ ճակատ:
    Գեղագիտական ծրագիր ներկայացնելը և առհասարակ որպես հանդուգն, ինքնատիպ բանաստեղծ ներկայանալը համեմատաբար անվտանգ էր, թեև այստեղ էլ կային լուրջ բարդություններ՝ կապված խորհրդային կաղապարներից ու պարտադրանքներից ակնհայտ շեղումների հետ: Ավելի դժվար էր հա՛յ բանաստեղծ և մանավանդ ազգությա՛ն բանաստեղծ ներկայանալը, մեր ազգային ցավերն ու երազանքները բանաստեղծությամբ արտահայտելը: 1963 թ. լույս տեսած գրքում բանաստեղծություններ կան, որոնք կարող էին նույնիսկ այսօր գրվել ու լինել արդիական: Ահա դրանցից մեկը՝ «Մատնիչ ցանկություն» խորագրով.
    Ի՞նչ դառնամ:
    Դառնամ
    Ոչ միայն խորունկ հանքահորերում
    Օդափոխություն,
    Շքանշանի գունեղ ժապավեն՝
    Իմ հողը փրկող հերոսի կրծքին,
    Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝
    Սիրամարգերի՜ն,
    Որ երկի՜նք սուրան
    Եվ ոչ թե քայլեն լոկ հողի վրա:
    Ուշադրություն եմ հրավիրում բանաստեղծի բացորոշ արտահայտված երազանքի վրա. ուզում էր դառնալ շքանշանի գունեղ ժապավեն՝ իր հողը փրկող հերոսի կրծքին. այդպես մենք այսօ՛ր կարող ենք մտածել, Պ. Սևակը՝ կես դար առաջ: Իսկ «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմն ու «Հարկ հոգեկան» խորագրով շարքը, որը ներառում է նրա ազգային ոգու և մտածողության բարձրագույն և առնական դրսևորումներից մեկը` «Խոսք հավաստիքի» բանաստեղծությունը, նվիրված են Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին: Իսկ հիշյալ բանաստեղծությունը 1960-ականների սկզբին ուներ առանձնահատուկ սուր հնչողություն, ճանաչողականի հետ միասին՝ նաև քաղաքական արժեք ու կշիռ և հնչում էր որպես ազգային զարթոնքի և համայն հայության համախմբման կոչ. 
    Աշխարհազբոսիդ համեմատությամբ
    Ես՝ մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,
    Ի լրո՛ գիտեմ,
    Որ քեզ ծին տված բնիկ գավառում 
    Կար մի մենաստան՝
    «Սուրբն Կարապետ»,
    Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:
    Մենք կին չենք,
    Այր ենք,
    Տղամարդ ենք մենք,
    Սակայն անօրեն մի նոր օրենքով
    Փակ է մեր առջև
    Ո՛չ միայն դուռն ու գավիթը վանքի,
    Այլ գավա՜ռն ամբողջ
    Եվ ողջ մի երկիր,
    Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:
    Մենք կին չենք,
    Այր ենք,
    Տղամարդ ենք մենք,
    Եվ ընդդեմ այս բաց անարդարության
    Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,
    Բայց փակում այնպես,
    Ինչպես փակում են մարդիկ մատները,
    Եվ ստացվում է դրանից ... բռունցք:
    Իր գեղագիտական ու գաղափարական հարցադրումներով «Մարդը ափի մեջ» գիրքը գրական շրջաններում առաջ բերեց մի քանի տարի տևող բուռն բանավեճեր, ուր շոշափվում էին բանաստեղծության էության, ավանդապահության ու նորարարության, «ինչ»-ի և «ինչպես»-ի և «որպես»-ի, այսինքն՝ պոեզիայի մեջ ձևի և բովանդակության հարաբերակցության խնդիրները:
    Հենց այդ բանավեճերի թոհուբոհի մեջ էլ ծնվեց Պ. Սևակի վերջին՝ «Եղիցի լույս» ժողովածուի բանաստեղծությունների զգալի մասը, ժողովածու, որը տպագրվեց 1969-ին, բայց ունեցավ ճիշտ ու ճիշտ Չարենցի վերջին մատյանի՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուի ճակատագիրը: Չարամիտ զրպարտիչների մի հնգյակի հրահրմամբ՝ այն տպարանից ուղարկվեց ոչ թե ընթերցողին, այլ արգելվեց ու վերցվեց կալանքի և մի քանի բանաստեղծությունների հանում-հոշոտում-կրճատումով լույս տեսավ 1971-ին՝ հեղինակի եղերական մահից հետո:
    «Եղիցի լույսը» ստեղծագործական մեծ խիզախում էր, պոեզիայի պարույրսևակյան տեսական ըմբռնումների գործնականը, ուր դրսևորվում էին նրա պատկերավոր մտածողության բոլոր էական ու կարևոր առանձնահատկությունները՝ զգացմունքով շաղախված մտքի ուժգնությունը, դարի արատների՝ խավարի և անորոշության դեմ ազնիվ ու մոլեգին կռիվը, լույսի հաղթանակով մութը հերքելու նարեկացիական ձգտումը, մեր ժողովրդի մարդկային արժանապատվության ու ազգային պահանջատիրության բանաստեղծականացումը:

***

    Հայաստանի գրականագետներից ոմանք առաջներում բանաստեղծներին բաժանում էին երկու խմբի՝ հուզական և դատողական, և Պ. Սևակին էլ դասում էին դատողական բանաստեղծների շարքը: Արհեստական ու բռնազբոսիկ այս բաժանումը Պ. Սևակի համար ոչ միայն ընդունելի չէր, այլև վրդովեցուցիչ էր, որովհետև նա իր բանաստեղծությամբ մարտահրավեր էր նետել հենց կեղծ հուզականությանն ու հեքիաթա-նաղլականությանը: Նամակի նման՝ ավելորդ մանրամասնություններ պարունակող բանաստեղծությունը նոր ժամանակներում նա համարում էր հնացած, իսկ «նոր» բանաստեղծությունը, նրա համոզմամբ, իր բնույթով պիտի լիներ հեռագրի նման, այսինքն՝ ավելորդություններից զերծ, կարճ ու դիպուկ, կես խոսքից հասկանալի: Բայց սրա հետ միասին առաջադրում էր նաև սիմֆոնիզմի կամ համանվագայնության խնդիրը, որով պիտի չեզոքանային միագիծ պարզունակությունն ու կենսական աղքատությունը, ասելիքը բխեր կյանքից ու նրա բանաստեղծական ընկալումից, իսկ բանաստեղծական պատկերը լիներ ընդգրկուն ու բազմաշերտ, խելքը չբացարձակացվեր ու չվերածվեր տրամախոսության ու ճառաբանության: Այսպես պիտի իրականացվեր առօրեականի, անբանաստեղծականի պոետականացման, մտքի և հույզի ներդաշնակ պատկերման ծրագիրը: Իրեն միայն «դատողական» բանաստեղծ համարողներին նա հակադրվում էր՝ իր մի բանաստեղծությունը վկայակոչելով.
    Ես հոգնել եմ, այո՛,
    Ես աչքերս եմ փակում:
    Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
    Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել.
    Այդ ապրե՞լ է կոչվում, ի՜նչ իմանամ...
    Սա դատողական հո՞ւյզ է, թե՞ հուզական դատողություն. այստեղ մտքի՞ գերակշռությանն է զգալի, թե՞ զգացմունքի. որակումը չէ կարևորը, այլ այն, որ իրականում ճիշտ այդպես էր ապրում խորհրդային ժամանակների մարդը՝ ենթարկվելով մարմնի տարբեր մասերը բեմի ետևից ձգող անտեսանելի թելերի ամենազոր իշխանությանը, և արդարացի էր բանաստեղծի զայրույթը. «Սա՞ է դատողական... Բա դա քննադա՞տ է, չի էլ պատկերացնում, թե էս խեղճ Պարույր Սևակը ինչքա՜ն տառապած պիտի լինի այսպիսի տողեր գրելու համար...»:
    Ավելին. հանուն ազգային օրախնդիր հարցերը բացախոսությամբ հնչեցնելու՝ երբեմն իր «կոշկի հետ խոսող», անգամ կամավոր խեղկատակի ու ծաղրածուի դեր ստանձնած դյուրավառ արյամբ բանաստեղծը, որն իրեն անվանում էր «եկած ապագա, վառվող արյուն, ապրող հիշողություն կամ քայլող պատմություն», «Եղիցի լույս» գրքում ոչ միայն մեր ազգային ցավն էր բանաստեղծում «սարքովի ճշմարտության» փոխարեն, այլև խորհրդային կայսերապետության մեջ ապրող բոլոր ժողովուրդների ու համայն աշխարհի մարդկության ցավը: Նրա կռիվը գերտերությունների դեմ էր, մանավանդ խորհրդային գերտերության: Այն պետությունը և մանավանդ այն ժամանակը, որի մեջ ապրում և ստեղծագործում էր Պ. Սևակը, ընդամենը մեկ տասնամյակ հետո նույն այդ պետության ղեկավարների կողմից պիտի կոչվեր «լճացման դարաշրջան», և նրանք էլ պիտի վճռական միջոցներ ձեռնարկեին վերակառուցման՝ պերեստրոյկայի համար, իսկ այդ միջոցների գործադրումն էլ ի վերջո հանգեցրեց կայսերապետության ջլատմանն ու վերջնական փլուզմանը:
    Իսկ բանաստեղծն ավելի շուտ՝ տասնամյակներ առաջ էր զգացել ու նկատել փլուզման գործընթացը, անգամ գիտեր դրա ողջ պատճառահետևանքային համակարգը, ուստի ահազանգում - զգուշացնում էր վերևից ներքև ու ներքևից վերև: Երկնքում չկան աստվածներ, իսկ երկրի վրա բազմած հողեղեն աստվածները, որ խորհրդային ղեկավարներն էին, մարդկանց հոգիներում ոտնագնդակ էին խաղում ու նրանց կոկորդում թխմվել էին իբրև խորխ, որից շուտափույթ ազատվել էր պետք շնչել կարողանալու համար: Այս իրավիճակից փրկվելն անկարելի էր դարձել, որովհետև այդ հողեղեն աստվածները դարձել էին անտանելի մի բեռ՝ ուղտի համբերությամբ դիմացող այն ժողովրդի ուսերին, որը, համբերության բոլոր պաշարները սպառած, հասել էր բեռը թոթափելու գիտակցության: Հենց այդ բեռ-աստվածներն էլ հյուսել էին համառորեն չպատռվող այն ցանցը, որի մեջ թպրտում էր իրավազուրկ ու հպատակ մարդն ու մարդկությունը.
    Եվ մեր լեզվից կախ են տվել կեռերով
    Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ...
    Պատկերն ավելի ըմբռնելի կդառնա, եթե հիշենք, որ «Եղիցի լույսը» լույս էր տեսնում համայնավարների կուռքի 100-ամյակի տոնակատարության օրերին, իսկ Ռուսաստանում թեև այժմ արդեն մերկացրել ու բացահայտել են երկիրը քանդող այդ օտարերկրյա գործակալի իրական դեմքն ու էությունը, բայց մինչև օրս էլ վիճում են, թե ինչ անեն Կրեմլի հարևանությամբ կառուցված դամբարանում պահվող անթաղ դիակը, որ կեռերեվ կախված էր խորհրդային մարդկանց լեզվից: Նույն Կրեմլից էին տարածվում խորհրդային երկիրը կառավարող բոլոր հրահանգները, նրա պալատներում էին հնչում մեդալներն ու շքանշանները իրենց կրծքերի վրա տողադարձած ապրող կուռքերի ու քաղաքական դիակների համագումարային ճառերը: Իսկ այս ճշմարտությունն իրոք անկարելի էր ասել բաց տեքստով, ուստի բանաստեղծը, որ իրեն նաև Աստծու քարտուղար էր համարում, դեռ հին աշխարհից հայտնի խոսքի այն եղանակն էր ընտրել, որով ծաղրածուներն ու խեղկատակներն էին ճշմարտությունն ասում արքաների երեսին.
    - Որտե՞ղ են ապրում քամիները:
    - Պալատների մեջ:
    Եվ, անշո՛ւշտ, մեր ռունգներում:

    - Որտե՞ղ է մեռնում լռությունը:
    - Քարոզների մեջ:
    Եվ բռնադատված մեր իսկ ունկերում:

    - Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:
    - Մեր հին թշնամու եղունգների տակ, 
    Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:
    - Որտե՞ղ են մեռնում բոլոր կուռքերը:
    - Ծափ ու ծնծղայի ծանրության ներքո,
    Նաև խունկերում:

    - Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:
    - Ո՛չ մեր գանգում,
    Այլ մեր վերքերո՜ւմ:

    - Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:
    - Մե՛ր,
    Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում...
    «Մարդը ափի մեջ» ժողովածուի զննումներն ու բացահայտումներն ավելի էին ուժգնացել «Եղիցի լույս» գրքում: Բայց դրանցով պարզվում էր, որ «հացի փոխարեն մութ կուլ տված» մարդը նաև անցանկալի ստվերներով ու խավարով էր շրջապատված. 
    Եվ իսկապես էլ՝ մեր թիկունքն է մութ,
    Անցյալը գիտենք գրքերով միայն:
    Գուցե առավել մեր ճակատն է մութ.
    Գրքերն են ճառում գալիքից նաև:
    Մո՜ւթը առւջևից – մո՜ւթը ետևից,
    Մենք՝ երկու մթան նեղլիկ արանում,
    Էլ ի՞նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք, -
    բանաձևում էր բանաստեղծը: Այդ հուսահատեցնող ու հեղձուցիչ մութը, անորոշությունը միայն լույսով էր հնարավոր հերքել ու ցրել. ահա ինչու «խավար ու ստվեր պոզահարող» մեծ լուսերգուն իր, ավա՜ղ, վերջին ժողովածուն կոչեց «Եղիցի լույս»:
    Պ. Սևակը, որ բանաստեղծության համանվագայնության կամ սիմֆոնիզմի կողմնակից էր, Սիամանթոյի, Տերյանի ու Չարենցի նման կենսական երևույթներն առավել համակողմանի ներկայացնելու և բանաստեղծության արտահայտչական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կիրառում էր չափածոյի ուրույն ձևեր, բանաստեղծական տողը և խոսքի երաժշտական համաչափությունը կառուցում էր տրամաբանական շեշտով, բառիմաստի ընդգծմամբ, կենսական երևույթը, մարդկային խոհն ու ապրումը ներկայացնում բազմաչափ տարածության մեջ, մտածում էր բանաստեղծական շարքերով՝ դրանց դնելով բնորոշ վերնագրեր:
    Լինելով հայ բանաստեղծական խոսքի զարգացման նախանձախնդիր՝ այդ մեծ մարդագետը ազգային և համաշխարհային գեղարվեստական ձևերի համադրումով նոր ու անսովոր գրական որակ ստեղծեց, որին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, ժամանակից մարդու խոհերի ու զգացմունքների նորովի մարմնավորումը, խիզախ հարցադրումներն ու մտքի հզոր թռիչքները, դարի ցավերի թակարդն ընկած մարդուն ազատելու և իր լուսավոր ձգտումների ու երազների սանդուղքով վեր բարձրացնելու առաքելությունը: Իր մարդկային ու բանաստեղծական էության, իր սխրանքի խոր ըմբռնումով նա սերունդներին պատգամել է.
    Մտածե՛ք նաև ձեր որդո՛ւ մասին.
    Խոսում եմ նաև նրա՛ անունից.
    Դուք գնալո՜ւ եք,
    Իսկ նա գալու է:
    «Մարդը ափի մեջ» գրքում, սակայն, Պ. Սևակը համեմատաբար լավատես էր. գալիքի և սերունդների վերելքի մասին արտահայտվում էր անթաքույց հավատով: Իսկ «Եղիցի լույս»-ի շարքերում, մանավանդ առանձին մի քանի բանաստեղծություններում կարծես նրան անդադար ճնշում է ժողովրդի ընդհանուր վիճակից եկող մի անփարատելի թախիծ: Դարի մութին ու պնդերես խավարի թագավորությանը բանաստեղծը թեև հակադրվում էր լույսի, բարության ու գեղեցկության փառաբանությամբ, սակայն «պատացած մութը» դրանով չէր հերքվում, ծանր խավարը չէր թողնում հեռանում: Արշալույսն էլ պիտի գար զոհաբերությամբ, բանաստեղծի՛ ինքնազոհությամբ.
    Թողություն տուր, Տե՛ր, ծանըր խավարին,
    Միայն թե թող նա թողնի հեռանա,
    Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու)
    Հարգանքով Նրա առջև կեռանան,
    Միայն թե թող Նա թողնի հեռանա:
    Մենք պահանջ չունենք,
    Մենք գոհ ենք նույնիսկ,
    Միայն թե թող նա թողնի հեռանա:
    Մենք խոստանում ենք,
    Եվ մենք իսկապե՛ս
    Նրան չենք կարող ու չե՛նք մոռանա,
    Միայն թե թող Նա թողնի հեռանա ....
    Իսկ թե հարկ լինի, նամանավանդ պետք,
    Ես Խավարի հետ կմեկնեմ ինքըս՝
    Դառնալով Նրա թագավորության
    Հին Հպատակն ու նոր Քաղաքացին՝
    Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,
    Միայն թե մեր այդ մեկնումից հետո
    Ժամանի ինքը՝ Արշալույսը, Գա,
    Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,
    Բայց մի քիչ հետո
    Եվ ուրախանա՜, որ իմ կորստով
    Կորել է նաև ինքը Խավարը...

    Պ. Սևակը դարձել էր իր դարաշրջանի զգայնաչափը. դեպի ո՞ւր էին տանում միակուսակցական խորհրդային երկրում կատարվող գործընթացներն ու զարգացումները, բազմազգ ու բազմալեզու այդ քայքայվող կայսերապետության՝ զառամախտով տառապող ղեկավարներն իրենց դիմակներով, սուտ ու փուտ հոբելյաններով ո՞ւր էին առաջնորդում ժողովուրդներին, ի՞նչ էր սպասվում հայ ժողովրդին ապագայում, Հայաստան աշխարհում և այլուր վաղն ի՞նչ լեզվով էին խոսելու, ինչո՞վ էր ավարտվելու Խավարի դեմ նրա մղած պատերազմը, արդյոք հաղթանակելո՞ւ էին Լույսը և Բարին: 
    Մահն արհամարհող աներկյուղ բանաստեղծի գաղափարական այս հարցադրումները՝ իրենց գեղագիտական լուծումներով, առավել սուր հնչողությամբ արծարծվեցին «Եղիցի լույս» գրքում: «Դարակեսի պարգևները», «Ողջույնի քմայքները», «Իրերի բնույթը» շարքերը քիչ է ասել` ժամանակից ու հարաբերություններից դժգոհ բանաստեղծի բողոքն են մարմնավորում. սրանք արդեն մարդու ներաշխարհը բացահայտող գեղարվեստական այն որակն են, որ չի ունեցել նախորդ շրջանի մեր բանաստեղծությունը:
    20-րդ դարի պարույրսևակյան բնութագիրը. հոբելյանական, հյուլեական, կարծես ավելի քան բանական, բայց նաև նույնքան խելագար դար: Այդ դարի Մարդը՝ անզոր ու հզոր քաղաքացին, հայտնվել է անբուժելի ցավի, խավարի ճնշող թագավորության և անլուծելի հանելուկներով հանգուցված անորոշության հորձանուտում. ինչպե՞ս ազատել նրան այդ մղձավանջային իրավիճակից.
    Դու՝ 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
    Դու՝ հյուլեական,
    Կարծես էական
    Եվ ավելի քան կարծես բանական,
    Բայց նաև նույնքան խելագար դարի
    Ո՛վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
    Անորոշության ցավով ես հիվանդ,
    Անորոշության անդարման ցավով,
    Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
    Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
    Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
    Եվ իր թունավոր սաղարթն է բերում՝
    Խառնելու գլխիդ մազերին անգամ:

    Անորոշության ցավով ես հիվանդ,
    Անորոշության ահարկո՜ւ ցավով...
    Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
    Եթե ներկադ էլ
    Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
    Քան վաղվա մասին պարապ խորհելու...
    Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
    Ի՞նչ պատասխանես:
    Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
    Ինչպե՞ս իմանաս:
    Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
    Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...
    Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
    Ազատո՜ւմ չկա: Եվ պրծո՜ւմ չկա:
    Կա մի վիթխարի՜ անորոշություն,
    Որ տորիչելյան դատարկության պես
    Երբեք չի՛ լցվում:

    Կա մի անսահմա՜ն անորոշություն,
    Որ սողոսկում է օդի պես այնտեղ,
    Ուր կա ծակոտիք:
    Կա մի որոշյա՜լ անորոշություն՝
    Կրկնակաղապար՝ ընկույզի նման:
    Էլ ինչպե՞ս ապրել
    Թունոտ ու ծանր կաղապարների 
    Անշունչ արանքում,
    Էլ ինչպե՞ս ապրել...

    Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն 
    Ու կուրանալուն՝
    Խոնավությունի՛ց,
    Ինչպես որ մարդը՝ անորոշության 
    Օվկիանին անափ:
    Իսկ ո՞ւր է ցամաքն ու չորությունը...

    Ցեմենտ կոչվածը
    Կարգին շնչում է միայն ջրի մեջ.
    Մինչդեռ այս խեղճը շնչահեղձվում է
    Հենց ի՛ր իսկ փոշով,
    Ինչպես որ մարդը՝ անորոշությամբ:
    Իսկ ո՞ւր է ջուրը...

    Արևի շողերն ուզում են մտնել 
    Նույնիսկ եղնջի թփուտի մեջ թավ,
    Բայց դաղդղվելով՝ բեկվում են կողքի:
    Թող ցույց տան նույնիսկ եղնջի թփուտ,
    Որ չի ստվերվում անորոշությամբ,
    Եվ բնակավայր դու կդարձնես 
    Այդ եղնջո՜ւտը....

    Թե ծառ լինեիր՝ 
    Դու կարտասվեիր սեփական խեժով
    Եվ քո կեղևով քեզ շրջափակած՝ 
    Քեզ կբուժեիր:
    Բայց քո արցունքը 
    Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,
    Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
    Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
    Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
    Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը՝
    Լեցո՜ւն – լեփ-լեցուն անորոշությամբ...

    Անորոշության ցավով ես հիվանդ,
    Անորոշության ոխերի՜մ ցավով,
    Որ մահդ է տենչում:
    Բայց մահ էլ չունես.
    Կարգին մեռնելու համար էլ 
    Պիտի մարդ բախտ ունենա...

    Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
    Այս պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
    Ինձնմանները եկել են աշխարհ
    Եվ այսուհետև աշխարհ են գալու,
    Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
    Այսքա՛նը միայն:
    Իսկ մնացածի համար դիմեցեք
    Դուք դարձյա՛լ ցավին,
    Անորոշության անորոշ ցավին...
    Այո՛, կարգին մեռնելու համար էլ պիտի մարդ բախտ ունենա: Իսկ ի՞նչ է մահը, հեռացո՞ւմ աշխարհից, ե՞լք, թե՞ փրկություն անորոշությունից: Պ. Սևակ բանաստեղծը կամ նրա հետ նույնացած քնարական հերոսը ուրույն մտածելակերպ ու աշխարհայացք ունի, որ շատ էլ տարբեր չէ հայ դասական գրականության գաղափարաբանությունից, աշխարհայացքային ու գեղագիտական հարցադրումներից: Թումանյանին մտատանջում էր բնության հավերժության և մարդու անցողիկության կսկիծը. Սարոյի մահից հետո աշխարհում ամեն բան փոխվել է նրա մոր ու համագյուղացիների համար, խախտվել է մարդու և աշխարհի հավասարակշռությունը, և մայրը մնացել է ողբերգական անորոշության մեջ.
    Որ հով սարերին սովորած նանը
    Էլ սար չի գնա առանց Սարոյի,
    Ծանր չոմբախը՝ գլուխը մեխած՝
    Պիտի օճորքում մնա, մրոտի,
    Երկար խանչալը՝ պատիցը կախած,
    Պատենում մնա ու ժանգը պատի...
    Չէր տարբերվում Իսահակյանի աշխարհայացքից, որի հերոս Լի Թայի Պոն «...հայացքը հառած մահվան տեսիլին, շրթունքները՝ կնոջ և բաժակի շրթունքներին, երգում էր արագաթռիչ գեղեցկությունը կյանքի և հավիտենական կսկիծը բոլոր գոյությունների»:
    Պ. Սևակն էլ մի զարմանալի կենսասիրությամբ շաղկապված էր իր իսկ ստեղծած, իր իմաստավորած ու բովանդակավորած աշխարհին, շաղկապված էր՝ ոչ որպես իր «օր ու արև, կյանք ու ջան» որդուն կորցրած մայր, այլ ինչպես «անմայր մնացած մինուճար որդուն սիրող հայր»: Այդ սերն է իր ձգողական զորությամբ պահում բանաստեղծի ու աշխարհի համակշռված վիճակը, իսկ նրա մատները, նյարդերն ու ջղերը ամուր հանգուցված են նույն այդ աշխարհի բոլոր առարկայական ու կենդանական գոյաձևերին.
    Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
    Ամեն էակիդ մագիլ ու մատին,
    Շոշափուկներին, բեղին ու թաթին,
    Եվ իրար ձգում փոխադարձորեն
    Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
    Որ... ինքըդ ապրես համակշռված:
    Այդ ինքնաստեղծ աշխարհն ապրում է բանաստեղծի մեջ, ամեն մարդու ներաշխարհում, ինքը գոյատևում է միայն իր տիրոջով, որի մեջ ապրում է, բայց ոչ մի օր, ոչ մի անգամ չի էլ մտածում նրա մասին, ոչ մի բերան չի հարցնում իր տիրոջից: Իսկ համակշռված վիճակը կա, պահպանվում է, քանի դեռ մահը չկա. միայն նա կարող է խախտել համակշռությունը, եղծել ու խաթարել ամեն բան.
    Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ... մեռնեմ:
    Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում, 
    Բայց ո՛չ ինձ համար,
    Այլ լոկ քե՜զ համար.
    Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
    Համակշռված այդ վիճակը քո,
    Ո՞նց պիտի լինես,
    Ի՞նչ պիտի անես:
    Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
    Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
    Փո՛ւչ ու ո՜չ աշխարհ:
    Ուրեմն իսկապես մահը փրկություն չէ, բայց ինչպե՞ս ապրել, մանավանդ երբ նույն այդ իրականությունը պարտադրում է մի եզրահանգում.
    Այսպես ապրելը անկարելի է...
    Եվ սա այն սխալաշատ ժամանակներում, երբ չէր կարելի անկեղծ խոսել ու մտածածն ասել, երբ երկրի առանցքն անգամ ուղիղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությամբ, երբ անկարելի էր մի գլխով անսխալ ապրելը, սխալ էր կոշկատակը, որ մարդուն կտրում էր հողից, սխալ էր և հողը, որ առնվում-ծախվում էր: Այդ ժամանակն էր բնութագրում ամեն ինչի փիլիսոփայական բարձունքներից նայող բանաստեղծը.
    Կան խայտառակ ժամանակներ,
    Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
    Ապա նրա ձեռք ու ոտին
    Ուրիշներն են դնում կապանք:
    Ճշմարտության, Լույսի ու Բարության բանաստեղծն էր Պ. Սևակը, որի կարգախոսներից մեկն էլ սա էր՝ Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք: Եթե մաքրություն լիներ աշխարհում, ցեղասպանություն ու պատերազմներ չէին լինի, և եթե աշխարհը չմաքրվի, դրանք չդատապարտվեն, եղեռնագործ ցեղասպանները չպատժվեն, դրանք ամեն պարագայում կրկնվելու են: Այս մտահոգությունը 1965 թ. Պ. Սևակին մղեց գրելու «Եռաձայն պատարագ» եռամասնյա պոեմը՝ «Ողբամ մեռելոց», «Բեկանեմ շանթեր» և «Կոչեմ ապրողաց» գլուխներով: Այս խորագրերը՝ վերցրած շվեյցարական Շաֆհաուզեն բնակավայրի 1486 թ. տաճարի զանգի լատինատառ փորագրությունից, որ բնաբան էր դարձրել Շիլլերը իր «Զանգակի երգը» բանաստեղծության համար, դարձել են «Եռաձայն պատարագ» պոեմի կառույցը թելադրող գործոններ ու հեղինակի ռեքվիեմ-մենախոսությունն ուղղորդող բանաձևեր:
    Դարձյալ չենք խորանում մանրամասների մեջ, բայց եթե նկատում ենք՝ ի՛նչպես էր 1965 թ. Պ. Սևակը մատնացույց անում, որ ֆաշիզմի ստեղծած համակենտրոնացման մահաճամբարների՝ Օսվենցիմի, Բյուխենվալդի, Մայդանեկի հիմքերը դրվել էին Դեր Զորում ու հարակից վայրերում, ուր 2 միլիոն մարդ ի խաչ բարձրացավ, ու 2 միլիոն անուն տապանաքարին չփորագրվեց, և հասկանում ենք, թե՝
    Օտար աշխարհում ազատ լինելը այլ գերություն է,
    Եվ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն, -
    առավել ըմբռնելի է դառնում ապրողներիս ու գալիք հայ սերունդներին ուղղված «Եկեք միանանք» պարույրսևակյան բանաձևը:
    Պ. Սևակն այն բանաստեղծներից է, որին պետք է ընթերցել նորից ու նորից: Նրա ստեղծագործությունն ինքներս մեզ ճանաչելու բանալի է, հայոց ազգային անկախ պետականության շուրջ համախմբվելու պատգամախոսություն, մեր փոքրիկ հողի մեծ երազանքի իրականցման երաշխիքներից մեկը:


Կատեգորիա: Мои статьи | Ավելացրեց: Syzan (05.02.2013) | Հեղինակ: Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտումներ: 1874
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]