Syzan | Дата: ՈՒրբաթ, 18.01.2013, 18:44 | Сообщение # 1 |
| ԽԱՐՈՒՅԿ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ
Թողե՛ք, Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը: Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք Հավատացյալի երեխայական միամտությամբ, Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ, Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ. Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ, Քան թե ելքի փնտրտուք. Եվ որովհետև կյանքն - ի՜նչ էլի լինի - ընդլայնում է մեզ, Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին Ա՛յն հորիզոնը, Որ փակ է թվում լեռան ոտքի տակ. Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ, Բոլորի՜դ սիրում, Ու բոլորիցըդ ոմանք` նաև ի՛նձ… Ուրեմըն թողե՛ք, Թողե՛ք, Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը, Որ մեր երեկվա Ու մեր այսօրվա անուժությանը Ասում է. «Կա՛նգ առ»` Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով, Ու մեր մարմնական անարմատ ծառի Անհասկանալի աշխատանքը մութ Տալիս է իր պարզ պտուղը` Ծիծա՛ղ, Ժպի՛տ, Գոհությո՛ւն Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք… Եվ փա՜ռք աստըծու, Որ մեր աչքերը Լոկ թխսավայր չեն բու-ագռավների, Այլ նաև փեթակ` լցված շողերով, Եվ ականջները` Մարդաձև ծառի մեր փչակը զույգ, Դամբարաններ չեն լոկ սրտնեղության, Այլ նաև խոր բույն` Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ: Եվ փա՜ռք աստըծու, Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս, Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում: Եվ փա՜ռք աստըծու, Որ աղմուկների հասունացումից Թագադրվում է ո՛չ թե գիշերը, Այլ օ՜րն է ծնվում: Եվ փա՜ռք աստըծու, Որ մեր հոգու մեջ Եթե կա ամիս տերևաթափի, Ապա կան օրեր և աստղաթափի՛, Եվ աստղաթափի՜… Հազա՜ր բերան փառք:
| |
| |