Syzan | Дата: Շաբաթ, 26.01.2013, 13:46 | Сообщение # 1 |
| ԱՆՑԱԾ ՍԵՐԵՐԸ
-Իմ սերե՞րն անցած... Նախ՝ նորի՛ց ասեմ, Որ սերը չունի շարունակություն, Այլ միայն սկի՜զբ, Որ չի՛ կրկնվում, Ինչպես... ծննդյան եզակի օրը: Եվ հետո... հետո՝ Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել՝ Երբեք ավելին չե՛նք ունենալու, Ինչպես չի լինում... ավելորդ ատամ: Սիրո համեմատ Թիվն ատամների շա՞տ ես համարում: Բայց մի՛ մոռացիր, որ ես, ճիշտն ասած, Դեռ չեմ բաժանվել ո՜չ մի սիրածից. Իրենք են փոխել անուններն իրենց, Կերպարանքն իրենց, Իրենց հասակը, Իրենց տարիքը, Սակայն ո՛չ իրենց: Եվ ի՜նչ փոխել են՝ իրե՛նք են փոխել, Իրե՜նք, ո՛չ թե ես,- Այս մի՛ մոռացիր: Եվ զուր մի՛ հարցրու, Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը: Մի՛ հարցրու: Սերերը, սե՛ր իմ, Եթե մինչև իսկ անհավասար են՝ Անհավասար են, ինչպես... մատները. Ո՞ր մատդ կտրես՝ Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի: Էլ ի՞նչ ամենա... Ախ այս ամենա-ն... Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան, Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես, Թե դժբախտության մեր զգացումը Գալիս է հենց այդ... այդ ամենա-ից. Անծանոթ է դա ո՛չ միայն բույսին, Այլև կենդանո՛ւն, Ապուշի՜ն նաև, Եվ սրանք իրենց... դժբախտ չե՜ն զգում... Ամենա չկա՜: Վատ ու լավ կա լոկ: Ու եթե սեր է՝ Էլ ի՞նչ վատ, ինչպե՞ս, Ու եթե սեր է՝ Էլ ի՞նչ ամենա... -Իսկ անցած սերերն, ի՜նչ է, չեն մեռնում: Իսկ եթե նույնիսկ, աստված չարասցե, մեռնում են նրանք, Դարձյա՛լ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ, Ինչպես մեր... մեռած երեխաները... Ահավոր ցավը չե՛ն վերհիշեցնում: Գրկի՜ր ինձ: Մեղք եմ...
| |
| |