Պատահել է, որ չեմ սիրել,
Բայց, չգիտե՞մ ` ինչ՞ի համար ,
Չեմ զլացել անսեր տիրել.
Գրկել եմ կամ համբուրել եմ:
Չեմ ընդունել սրտիս խորքում,
Սակայն լռել – համբերել եմ:

Ես շատ հաճախ այն չեմ տվել , -
Մեղանչել եմ, - կարո~ղ էի.
Ու շատ հաճախ ցած եմ թևել,
Իսկ վեր թևել կարո~ղ էի:
Եվ փախուստ եմ ինձնից տվել`
Ուրիշ տեղ եմ իզուր չվել –
Օտա~ր ոլորտ ` օտա~ր թևով,
Մինչդեռ մնալ կարո~ղ էի,
Կարո~ղ էի և - պարտավոր:

Մեղավոր եմ հույսի համար,-
Չարդարացա~վ `
Ոչ իմ մեղքով .
Եվ կենդանի այն հավատի,
Որ քարացա~վ`
Ոչ իմ մեղքով .
Եվ այն բարի սրտի համար.
Որ չարացա~վ`
Ոչ իմ մեղքով :
Մեղանչել եմ
Եվ այն ըմբոստ երգի առաջ,
Որ խոհեմս պատառեցի.
Այն խոհերի մահվան համար,
Որոնց ծինը խաթարեցի.
Մեղավոր եմ և քո առաջ,
Որ...սիրելուց դադարեցի,
Եվ այն ներման, որ բռնությամբ
Իմ լայն սրտից վտարեցի...

Իսկ ճիշտ ասած`
Ընդհանրապես մեղա գալու քիչ բան ունեմ.