Գրանցում | Մուտք
[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություններ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ)
Բանաստեղծություններ

grigДата: Չորեքշաբթի, 02.11.2011, 10:59 | Сообщение # 1

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:
Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել է կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն:
Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և... դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կարո՜տն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,
- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:
Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշյունով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն... իզու՜ր.
Չի՛ հատվել լեզուն,
Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...
Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
Չկարողացան քեզ խլել մեզնից,
Ո՛չ խարդավանքով արամեական,
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,
Ո՜չ ճշմարտությամբ,
Ո՜չ էլ ստերով:

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ... սրտերու՜մ:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
Չե՜ս խլվի երբեք,
Չե՜ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից
(Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա).
Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
Այլև մասու՜նք ես,
Մասու՜նք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած:

Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն է:
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

grigДата: Չորեքշաբթի, 07.12.2011, 20:52 | Сообщение # 166

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ

Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
____Ո՞րն է իմ աստղը,-
____Շատ եմ միտք արել:

____Հավանական է՝
____Այն Սիրիուսը,
____Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
____Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
____Իր անցած ճամփին.
____Նույնն է կրկընում...

grigДата: Չորեքշաբթի, 07.12.2011, 20:53 | Сообщение # 167

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՈՒ ԵԹԵ ՀԱՅՐ ԵՄ...

Ու եթե հայր եմ ամենից առաջ,
Ինչպե՞ս չխոսեմ զավակներիս հետ,
____Նրա՛նց հետ,
____Ովքեր եկել են արդեն,
____Առավել՝ նրա՛նց,
____Ովքեր պիտի գան:

____Հոգնած խրատից,
____Քարոզից զզված՝
Ես հարգալից եմ նայում կտակին,
Թերևս - ո՜վ գիտի - լոկ այն պատճառով,
Որ դա արվում է կյանքում մե՛կ անգամ,
____Ինչպես ես՝ հիմա:

Եվ այն, ինչ որ ես ուզում եմ ասել,
____Գիտեմ շա՜տ վաղուց,
____Եվ այնքա՛ն վաղուց,
Ինչքան շաբաթվա օրերը գիտեմ
Կամ ամիսների անունը:
____________Սակայն
Այսօր եմ ուզում և պիտի ասեմ,
Քանզի հույս ունեմ, թե այսօր դուք ինձ
Կարող եք լսել թեկուզ և այնպես,
Ինչպես լսում են անձրևի ձայնը,
____Քամու հռինդը,
____Աղմուկն անտառի -
____Ուզած թե չուզած,
____Կամա-ակամա...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:39 | Сообщение # 168

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՆԵՐՇՆՉՄԱՆ ՊԱՀԻՆ

Իսկ երբ մենակ եմ քայլում դաշտերով
Ու միայն ես եմ ինձ զրուցակից՝
Ստորերկըրյա անտես ջրերի
Վեճն ու աղմուկն եմ պարզորոշ լսում
Եվ նույնիսկ տեսնում նրանց փրփուրը...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:40 | Сообщение # 169

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԱՆԿՈՒՄՆԵՐՈՎ ԵՄ ՎԵՐԵՎ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

Ես թուրման կոչված աղավնու նման
Անկումներով եմ բարձրանում վերև՝
Ուրախացնելով գուցե շատերին,
Որ իմ հերթական անկումը տեսնում
Եվ ամեն անգամ հաշվում են դա վերջ,
Բայց ոչ թե սկիզբ մի նոր վերելքի...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:40 | Сообщение # 170

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԶԳԱՅՈՒՆ ԳԼԽԱՐԿ

Իսկ երբ գարունն է մոտենում հեռվից,
և այնքա՜ն հեռվից,
Որ դեռ լուր չունի մատնիչ օդն անգամ,
Ես դա զգում եմ... իմ ականջներո՛վ
Եվ մինչև անգամ... գլխարկո՜վ իմ հին:

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:41 | Сообщение # 171

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՊԱՐԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Երբ իմ սրտի մեջ
Անհայտությունն է թպըրտում այնպես,
____Ինչպես որ դույլը՝
____Դատարկ ջրհորում,
Ես երազում եմ մի ամուր պարան,
Որ (ո՛չ ինքըս ինձ կախաղան հանեմ),
____Որ ինձ դո՜ւրս քաշի,
____Դատարկ թե լեցուն՝
____Միայն թե դո՜ւրս քաշի:

____Կան խորություններ,
____Որ ատելի են...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:42 | Сообщение # 172

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
Երբ դեռ հեռու է իմ սերը նորեկ՝
____Ես դա լսում եմ
____Ու չեմ տեսնում դա,
Ինչպես... անտառում երգող թռչունին:

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:43 | Сообщение # 173

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ

____Ինչ որ անում եմ՝
____Կրքով եմ անում,
____Անում եմ թափով,
____Եռանդով ամբողջ՝
____Վատնելով ավյուն,
____Ծախսելով արյուն,-

Անտարբերության թշնամին եմ ես,
Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:

Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից
Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ,
Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից
Աշխատում են լոկ սևն ու ճերմակը,
Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից
Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն,
Ջերմաստիճանըս - անզոր զայրույթից -
Հասնում է նույնիսկ քառասունմեկի,
Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ,
Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության,
Անտարբերության ոսո՛խըս մոլի,
____երևակայե՜ք,
Գերադասում եմ... մնալ ձեռնըպահ:

Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ,
Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:43 | Сообщение # 174

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԱՌԱՆՑ ՀԱՆԳԵՐԻ ԲԱՅՑ ՍՐՏԻ ՉԱՓՈՎ

Եվ իմ գողթնեցի պապերի նման
Ես պիտի գրեմ առանց հանգերի,
Ինչպես խոսում են մարդիկ իրար հետ,
____Ու եթե չափով՝
____Լոկ նրա՛ համար,
Որ սրտիս նման խոսքս էլ տրոփի...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:44 | Сообщение # 175

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԲԱՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

____Ու եթե պոետ...

____Կուզեի լինել
Պոեզիայի մեջ... միայն երկրաբան -
____միշտ որոնեի
____ և... երկրի վրա,
____ընդերքում երկրի:

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:44 | Сообщение # 176

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԻՆՔՍ ԻՆՁ ՀՅՈՒՐ

Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը
Ու հյուրասիրվել համեղ... հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես - մի՛ զարմացեք - չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
____Անունը նրանց,-
____Եկան ու չանցան՝
____Մի մազ տանելով,
____Մի մաս պարգևած...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:45 | Сообщение # 177

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
____Ա՜խ, իմ մեծ Սերը...

____Նա հավասար է
Կորած հույսերիս ճիշտ քառակուսուն
Ու երազանքիս խեղճ մնացորդին...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:46 | Сообщение # 178

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ՄԻ ՔԻՉ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 2

____Ա՜խ, իմ մեծ Վիշտը...

____Եվ նա իմը չէ,
____Այլ բոլո՜ր նրանց,
____Ում որդին եմ ես
____Եվ կամ թե հայրը:

____Ա՜խ, իմ մեծ Վիշտը,
Որ չի բաժանվում ամենքի վրա...

grigДата: ՈՒրբաթ, 09.12.2011, 19:46 | Сообщение # 179

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ

____Ցանկություններից,
____Որ կոչվում են իղձ,
________Բաղձանք,
________Ու անուրջ,
________Երազ
________Ու փափագ,-
Ցանկություններից մահացու խոցվել,
Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ:
Վիրավորվել եմ ես քանի՜ անգամ
Եվ բուժման տարվել մի հիվանդանոց,
Որտեղ գթության քույր է դարձել ինձ
Ճերմակ խալաթով Դատողությունը...

____Ա՜խ, այդ գթության քույրերը...
________Նրանց
Երախտապարտ եմ իմ ամբողջ հոգով,
Իմ ամբո՜ղջ սրտով հարգում եմ նրանց,
Բայց, ավա՜ղ, երբեք սիրել չեմ կարող,
Եթե մինչևիսկ շատ են գեղեցիկ...

grigДата: Շաբաթ, 10.12.2011, 20:44 | Сообщение # 180

Admin
Сообщений: 285
Օֆֆլայն
ԱՄԵՆԱՎԱՅՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

____Եվ ա՛յն հասկացա -
____Խինդով ու ցավով -
Որ անհնար է բուրմունքն սպանել,
Հա՛, անհնար է բուրմունքն սպանել՝
Առանց դիմելու նրա ազգական
Գարշահոտության չար օգնությանը:

-Ամենավայրի՛ սպանությունը,
Որ չեն հորինել սուլթաններն անգամ:
Форум » Test category » Test forum » Բանաստեղծություններ (ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ)
Որոնել: