Աչքերս վառ լույսի սովոր`
Ես հիմա տանջվում եմ խավարից.
Ես` վարժված ոստանիկ կյանքի`
Զրկված եմ և մոտիկ գավառից:
Երեկվա իմ վարդավառից
Ի՞նչ մնաց - այս շապիկըս թաց,
Կախվելու մի պարա՜ն մնաց
Իմ սիրո հարուստ ավարից:

***
Դու ինքդ քեզ տաքանում ես
Եվ ինքդ քեզ հաճախ պաղում,
Ու թվում է տեսնողներին,
Թե ինքդ քեզ դեր ես խաղում:
Քեզ, երևի, կհասկանան
Միայն նրանք, որ կաղում են,-
Երանի չէ՜ր ոտքըդ լիներ,
Հոգին էլ է հաճախ կաղում:

***
Լինում է այսպես էլ կյանքում.
Իրավ են միշտ իրենց կարծում
Եվ այնպես պատժում են դաժան,
Երբ թեթև զանցանք ես գործում -
Այնքա՛ն խիստ և այնքա՜ն դաժան,
Որ, գիտե՞ք, մեզ պատիժ տալով`
Շատ թեթև զանցանքի դիմաց
Շատ ծանր հանցանք են գործում

***
Ուրիշ ես դառնում ամեն օր -
Իրենն է անում տարիքըդ.
Առնելիքդ ուրիշ է թվում,
Ուրիշ է թվում տալիքըդ:
Խստադեմ գալիքն է նայում.
Քեզանից ի՞նչ պիտի մնա,
Երբ անցնի օրվա հետ մեկտեղ
Օրերի փրփուր ալիքը:

***
Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին
Զարկել տագնապի սուր ահազանգը:
Չէ՞ որ երբ չկա դեռ ժողովածուն,
Չես կարող կազմել դու նրա ցանկը:
Հանկարծակի է պայթում վտանգը,
Բայց նա ուռչում է դանդա՛ղ, աննկա՛տ,
Դանդա՜ղ, աննկա՜տ` մետաղից ծնվում
Ու նույն մետաղն է կրծոտում ժանգը:

***
Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա...

Ցա՜վն է հաճախ առաջ մղում