Պարույր Սեւակի պոեզիան նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն սպասված մի նամակ է
Ամեն ժամանակաշրջան ունի իր բանաստեղծը, ով հայտնաբերում է տվյալ ժամանակի ոգին եւ մարգարեաբար պատգամներ հղում իր ժողովրդին: Այսօր էլ շատերի համար Պարույր Սեւակի պոեզիան նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն սպասված մի նամակ է:Դեպի Զանգեզուր գնացող ճանապարհորդներ, ամեն անգամ , հին Չանախչի գյուղի մոտով անցնելիս , կանգ առեք մի պահ թեքվեք դեպի ձախ, խոնարհեցեք ձեր գլուխն անտեր մնացած առանձնատան առաջ եւ նրա բակում թաղված հանճարի ոգուց սուրբ մասունք տարեք ձեր զավակներին : Այս կերպ է փորձել հավերժացնելՊարույր Սեւակի մեծությունը Համո Սահյանը: Համո Սահյանի խորհրդին են հետեւել Գյումրու թիվ 2 դպրոցի աշակերտները, Նրանք Սեւակի կյանքին ու գործունեությանն առավել մոտիկից ծանոթանալու համար գնացել էին Սեւակի բնօրրան` Սեւակավան: Այցելել Մեծ հանճարի գերեզմանին, եղել թանգարանում ու տեսել նրա առանձնատունը: Վերադարձից հետո նրանք որոշեցին իրենց տպավորությունները, հույզերն ու զգացումները կիսել դպրոցի մյուս աշակետների եւ ուսուցիչների հետ : 7-րդ դասարանցիների կողմից կազմակերպված ցերեկույթն ամբողջովին նվիրված էր Պարուր Սեւակին:

2-րդ դպրոցի աշակերտները հիացմունքով էին նշում, որ Պարույր Սեւակի պոեզիան մեր ազգային հարստությունն է: Սեւակը մեզ հետ է ամեն օր ու ժամ: Նրա կյանքը որպես լեգենդ, իր մեջ շատ ու շատ գաղտնիքներ է պարփակում: Պարույր Սեւակի ստեղծագործական կյանքը հագեցած է եղել բանաստեղծական նոր ուղիների որոնմամբ, հայտնություններով ու հաղթանակներով:Պարույր Սեւակը մեկն էր իր իսկ երգած մեծերից , ովքեր ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին եւ նոր օրենք ու կարգ են սահմանում, ովքեր գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ են բացում հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալու համար :Նրա ստեղծագործությունները ներքին մենախոսություններ են :

Ցերեկույթի մասնակիցները մեկ անգամ եւս շեշտեցին,որ Սեւակը բոլորի համար է, ով սիրահարված է, ով հայրենասեր է, ով էլ ուղղակի քաղաքացի : Սեւակը հեղաշրջեց հայ պոեզիայի հունը`ստեղծելով բանաստեղծական իր դպրոցը: ՙԱնլռելի զանգակատուն ՚ պոեմը, ՙՄարդը ափի մեջ՚ եւ ՙ Եղիցի լույս՚ ժողովածուները նախանշեցին հայ պոեզիայի հետագա զարգացումը: Նրա ասելիքը բազմաբեւեռ էր, խորքային ու արդիական: Երեւում են հայկական գյուղի գողտրիկ պատկերները , բացվում է հաշվիչ մեքենաների հետ խորիմաստ վեճը , բարձրանում է աշխարհի, խաղաղության հոգսերով ապրող մարդը, հնչում է Կոմիտասի ու նրա ճակատագրի լայնահունչ մեղեդին:

Նրա մեջ պոռթկում էր հուժկու սերը , սերն` ալեհեր երկրի ու նրա ջահել մարդկանց նկատմամբ , սերը` բնության թրթռումների նկատմամբ: Այդ սերը մեծ էր ու կրակոտ, համապարփակ ու երփներանգ: Նրա մոտ հնչում է մանկան ծիծաղը, երեւում` տիրամոր արցունքը:

Տեղին է հիշել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կարծիքը.ՙ Սեւակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու ապագայի համար եղել է ճշմարտապես մի պայծառ ՙԵղիցի լույս ՚ Սեւակը մեկն է նրանցից, ով պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը՚: Այսինքն Սեւակն անմահ է:Նրա մեծությունը գնահատողը ժամանակն է:Թիվ 2 դպրոցի աշակերտների կողմից Սեւակի հետքերով ճանապարհորդությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Ժողովրդի սերը բանաստեղծի հանդեպ մաքուր է եւ հավերժական:
Կատեգորիա: Мои статьи | Ավելացրեց: grig (27.10.2011)
Դիտումներ: 2918
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]