Պարույր Սևակ

ԾՆՎԵԼ ԵՄ Ես ծնվել եմ նրա համար, Որ մոր սրտում կարոտ դառնամ Եվ սպասվող որդու նման Հեռուներից վերադառնամ. Ես ծնվել եմ նրա համար, Որ ցավածին մխիթարեմ. Ջահելների հարսանիքին Ձեռքիս գինի զվարթ պարեմ. Նորածնի բերնով ճչամ Ու մոր բերնով ասեմ «նանիկ». Տուն երազող զույգի համար Դառնամ սիրո համեստ տանիք. Եթե շուրջս խավար լինի՝ Մարդկանց համար փայլատակեմ, Հասակով մեկ փռվեմ գետին Վհատության ճամփան փակեմ … Ես ծնվել եմ նրա համար...

Բաժնի անվանակարգերը

Мои файлы [27]
Պարույր Սևակ Բանաստեղծություններ [0]

Մեր հարցումը

Оцените мой сайт
1. Отлично
2. Хорошо
3. Неплохо
4. Плохо
5. Ужасно
Պատասխանների ընդհանուր քանակը: 12

Վիճակագրություն


Օնլայն են միայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ 0

Каталог файлов

Գլխավոր էջ » Ֆայլեր

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 27
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 »

ՑԱՅԳԱԼՈՒՅՍԻ ՀԱՄԱԶԱՆԳ

ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի, «Էստի՛ համեցեք...»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...

Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում

Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ,
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Мои файлы | Դիտումներ: 266 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Պարույր Սևակ - Փակիր աչքերդ

Փակի՜ր աչքերդ, սիրելի՜ս... Փակիր աչքերդ
Պատահում է և ... շատ հաճախ,
Մարդ մտովին կրակում է ինքն իր վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ–որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է։
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում – մնում ենք մենք։
Եվ ինքներս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական–կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևս մի կարճ տարի...
Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜–քանի՜ անգամ
Այս սրախիճ տատասկապատ ճանապարհը
Կրկնել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնել եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց...
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ի՛նքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջկա աչքերի մեջ։
Փակի՜ր աչքերդ, սիրելիս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ ... ավիրեմ քո՛ աչքերը...
Мои файлы | Դիտումներ: 179 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱԼՍ

Մի մոռացկոտ անձրև
Ու մի երկչոտ քամի
Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝
Բնա՛վ չհարցնելով կամքն աշխարհի,
Ու գործի են անցել.
Շաղ են տալիս... տաղտուկ։
Տերևները կրկին գործադուլ են անում,
Եվ ծառերի կանաչ գործարաններն արդեն
Էլ չեն արտադրում ո՛չ թթվածին,
Ո՛չ էլ դեղին շրշյուն,-
Հե՜րն անիծած։
Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ
Երազում է հիմա հնավաճառ միայն։
Ա՜խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ
Խուժեր սենյակ.
«Ձանձրո՜ւյթ, հին-մին ձանձրո՜ւյթ կառնեմ»...
Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր՝
Հոգնած մե՛ր իսկ բոլոր շարժումներից,
Եվ ձևերի՛ց ամեն
Եվ մտքերի՛ց բոլոր...
Օդը հաստանում է մառախուղով,
Ու մշուշով երկինքն է ցածրանում.
Որ բարակի թելը համբերության
Ու վեր բարձրանալիս ճիչ ճնգոցով հատվի։

Եվ ամենքըս հիմա վատ բաներ ենք հիշում,
Եվ ամենքըս հիմա հոռետես ենք դարձել,
Ամե՜ն ինչից զզված,
Զզված նաև մեզնի՛ց։
Եվ մեր քիթ ու մռթից քմծիծաղ է կաթում,
Ինչպես ամեն ծառից` կենտ-կենտ տերև,
Ինչպես ջրհորդանից՝ անձրևաջուր կեղտոտ,
Քիվից՝ պղտոր կաթիլ,
Տտիպ տաղտուկ՝ հոգուց...
Կաթո՜ւկ-կաթո՜ւ-կաթո՜ւկ,-
Հե՛րն անիծած...
Այս մոռացկոտ անձրևն ու այս երկչոտ քամին,
Տխրությունն այս բարակ և տաղտուկն այս պարարտ,
Նաև վատն ու հոռին
Պարազույգ են կազմել
Ու պարում են-պարո՜ւմ-պարո՜ւմ հիմա
Մեր փողոցու՛մ,
Տա՛նը,
Մեր սենյակո՛ւմ նեղլիկ։
Երկրագունդն է պարում նույն վալսը հին ու նոր,
Տարվա եղանակներն անվերջ նույնն են պարում,
Նույնն է պարում կյա՛նքը,
Նույնն է պարում մի՛տքը։
Այս ի՜նչ խենթություն է,-
Հե՛րն անիծած...
Եվ ինչ է դեռ մնում, որ ի՜նչ անենք։
(Ձանձրույթ առնող չկա.
Մենք ամենքս ենք ծախող)
Ձանձրույթի հետ կազմենք լավ պարազույգ
Ու պտըտվենք մե՛նք էլ,
Մե՛նք էլ պարենք
Խենթացնող այս վալսը` խենթի նման,
Պարենք մեր անձկացած ու նեղացած հոգո՛ւմ,-
Ի՜նչ ուզում է լինի.
Հե՜րն անիծած...
Мои файлы | Դիտումներ: 360 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ԱՇԽԱՐՀ… ԱՇԽԱՐՀ…
 
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին,
Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ
Իմ ջերմ մատներով՝
Անմայր մնացած
Մինուճար որդուն սիրող հո՛ր նման։
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Որ իմ մազերն ես հանգուցել ամուր
Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
Ամեն էակիդ մագիլ ու մատին,
Շոշափուկներին, բեղին ու թաթին,
Եվ իրար ձգում փոխադարձորեն
Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
Որ… ինքըդ ապրես համակշռված,
Իսկ ես էլ…
Իսկ դու
Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում,
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ։
Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ… մեռնեմ։
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ո՛չ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այս վիճակը քո,
Ո՞նց պիտի լինես,
Ի՞նչ պիտի անես։
Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Փո՛ւչ ու ո՜չ աշխարհ…
Мои файлы | Դիտումներ: 334 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ



Հրաժարվում եմ նախ՝ ի՛մ իսկ ձեռքից,

Եթե նա պիտի պոկի վիրակապ

Փակվել սկըսվող խորամուխ վերքից:



Հրաժարվում եմ օգնական զորքից,

Թե պիտի հետո նա չհեռանա

իմ երկրի խորքից:



Հրաժարվում եմ ա՛յն միակ արկից,

որ պատերազմի ելք չի որոշում,

Այլ միայն տասնյակ մարդկանց է հոշում:



Ա՛յն միակ զարկից,

որ և հերիք է,

Որպեսզի կրկին նոր կյանք ստանա

Մսրա Մելիքը.

Նաև ա՛յն բարկից,

Որ լոկ վառում է - չի տաքացընում,

Եվ ոչ թե թրծում, այլ ճաքեցընում:



Հրաժարվում եմ

Ինչից որ կուզեք՝

Նույնիսկ սեփական հպարտությունի՜ց:

Բայց ո՛չ թանկ նստող ճշմարտությունից:



Իսկ եթե հանկարծ անկարող լինեմ

Չհրաժարվել ճշմարտությունից

Թե կուրծքըս չուզի, որ իր վանդակին գնդակներ խրվեն,

Թե վիզըս չուզի պինդ օղակի մեջ մի կողքի ծռվել,

Թե մեջքս չուզի մայր հողի վրա դիտապաստ փռվել,-

տեսնելով, որ իմ կյանքը հատվում է՝

Իմացեք, ես է՛լ

Այդ պահին կասեմ.

-«Բայց այսուհանդերձ... նա պտըտվո՜ւմ է»...
Мои файлы | Դիտումներ: 182 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Վարք մեծաց 

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,

Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:


Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,

Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,

Վախ են ներշնչում պետություններին

Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:



Արքաների հետ խոսում են «դու»-ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց,

Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,

Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:



Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է և օրենքից դուրս:

Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...

Мои файлы | Դիտումներ: 626 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Ներկա բացակա

Գարուն է- գարուն չէ, բացակա-ներկա է…….

Բացական աստղերն են:

Բացական լուսինն է:

Բացական քամին է, շարժումը և… ինքը,

Որ տերն է կարոտիս:

Կարոտս ներկա է…
Мои файлы | Դիտումներ: 202 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Բարեխոս եղիր իմ և իմ միջև  

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ,
Անաղարտ մնամ
Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:

Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:
Օգնի՜ր ինձ , Մարիա՛մ,
Եվ ասեմ ՝ ինչո՜վ.
Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող:

Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝
Հաղթելով և՛ քաղց, և՛ պապակ փափագ:

Ուզում եմ ապրել անչար ու բարի՝
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես…
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո՛ւ նրան:
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձրել.
Կորցըրո՛ւ այդ ձուն:

Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե՛ս,
Ինչպես քուջութը ՝կաթնահունց հացին:
Ճանճը քուջո՛ւթ չէ.
Հացըս չի՜ ուտվում:

Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև-.
Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա՛չ դարձըրու:

Ասում են, իբըր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ,
Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցըրու…
Мои файлы | Դիտումներ: 403 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

Պե՛տք չէ, սիրելի՜ս։
Զո՜ւր ես երդըվում։
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի՝ արծիվ է թվում) ,
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...
Мои файлы | Դիտումներ: 191 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չոգնեցի,
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։

Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։

Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից,
Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։

Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։

Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։

Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել …
Мои файлы | Դիտումներ: 282 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: grig | Ամսաթիվ: 26.10.2011 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-27

Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները

Հայ ենք
Քիչ ենք, բայց հայ ենք
MY ZONE
  • MY ZONE КИНОМИР
  • MY ZONE Молодежный портал
  • ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԵՐ ԵՎ ՊԱՐԵՐ
  • Сайт "Պարույր Սևակ"