23:36
ԵՐԳ ԵՐԳՈՑ
ԳԼՈՒԽ Ա

...Խնդրեցի զնա՝ և ոչ գտի,
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն...
...Իւղ թափեալ է անուն քո...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
____Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովի՜ն չէի սպասում,
____Ձմեռն այս վկա:
Քեզ չփընտրեցի՛, չըորոնեցի՛
____Եվ... գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
____0 Սուլամի՜թա:
2.
0 Սո՛ւլ...
____Սուլամի՛...
________0 Սուլամի՜թա.
____Քո բիբլիական անունն եմ սիրում,
____Սիրում եմ, այն էլ բիբլիակա՛ն սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
____Թվում է հիմա հեթանոսակա՛ն՝
____Նույնիսկ անպարկե՜շտ,
____Բայց... նրա՛ աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա,
Մինչ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜...
3.
Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն:
Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին,
____Եթե ոչ մարմին,
____Ու նաև արյուն:
Ւսկ մնացածը՝ բառեր են միայն,
Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի
____Մի թարգմանությո՜ւն:
Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝
____Ադամի՛ նման
____Ու Եվայի՛ հետ:
4.
0 Սուլամի՜թա, օ, Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել...
____Ո՞ւր է դրախտը,
Եթե ոչ՝ միայն քո թարթիչների հովանու ներքո.
Քո
____դեռ փակ
________ծոցում,
____________որի դռները,
____Արդեն թակում են
____Եվ երկո՜ւ կողմից.
____Քո սիրտը՝ ներսի՛ց,
____Իմ ձեռքը՝ դրսի՛ց...
5.
0 Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ:
Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել,
Չե՛մ էլ հարցըրել ես պահակներից
Քո՝
____Իմ չունեցած-չիմացած հասցեն:
____Ես ճամփորդի պես,
____Ու մոլորվածի,
____Հասել եմ դուռըդ,
Որ և բախում է իմ ձեռքը դրսից,
____Քո սիրտը՝ ներսից:
____Ընդունիր հյուրիդ,
____Որ կդառնա տե՛ր,
____Բայց նաև՝ ծառա՜...
6.
Եվ թո՛ւյլ տուր խոսել.
____Գրկելուց առաջ,
____Փարվելուց առաջ,
____Թույլ տուր քեզ նայել
____Մի փոքըր հեռվից:
Եվ թո՛ւյլ տուր կրկնել՝
____Համբույրից առաջ,
____Համբույրի նման
____Կրկնել անունըդ.
-0 Սո՛ւլ...
____Սուլամի՛...
________0 Սուլամի՜թա.





ԳԼՈՒԽ Բ

...Գեղեցիկ ես իբրև զԵրուսաղեմ...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
____0 Սուլամի՜թա.
Հապա շու՛ռ արի, որ ես քեզ տեսնեմ:
2.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
____Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս:
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
____Որոնց չեն տիրել:
____Ե՛վ անսովոր ես,
____Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ:
3.
Դու սև ես՝ ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սևության մեջ՝ այնքա՛ն լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը:
Սև են աչքերըդ՝ իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս ա՛յն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու:
4.
Սև են վարսերըդ, ինչքան ճերմակ է
____Դեռ փակ կուրծքը քո,
____Ավելի՛ ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
____Որ փրկեց Նոյին,
____Ուրեմըն՝ և քե՛զ,
____Ի՛նձ ու... մեր սե՜րը.
Ավելի՛ ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես և ո՛չ մի սև աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ:
5.
Մի՛ լինիր այսքան... այսքան սպիտակ.
Բացվի՛ր հայացքիս և աչքերիս դեմ,
____Նաև մատների՛ս,
Յուրաքանչյուրը՝ միս դարձած մի շող:
Արևառությո՛ւն ընդունիր մի քիչ
____Իմ հայացքի՛ տակ,
____Նաև մատների՜ս:
6.
Քո կրծքի նման ճերմակ են նաև քո ատամները:
____Եթե պարկեշտ ես՝
Մի՜ ժպտա երբեք...
7.
____0 Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի՛ եկ ինձնից,
____Բայց շիկնի՛ր, շիկնի՜ր,
____Որ իմ նեղ խցում
Արևածագի պատրանքն զգամ ես:
____Շիկնի՜ր ու թո՛ւյլ տուր,
____Որ հետըդ խոսեմ՝
____Փարվելուց առաջ.
____Փարվելուց առաջ՝
____Մի փոքըր հեռվից
____Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում:
8.
Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր՝
Քո թուխ մազերով լուսապսակված:
____Եվ քո շուրթե՜րը...
____Ինչո՞ւ է թվում,
Թե քո այտերին - առաջի՛ն անգամ-
Հպվելը նույնքա՛ն դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման - դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն - առաջի՛ն անգամ-
Նու՛յնն է, ինչ մի նոր տաճա՞ր ավերել,
Թե՞ հիմնադըրել մի եկեղեցի...
9.
____Քո պարանոցը՝
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից - դարե՜ր - մարդիկ են կախվել՝
____Ինձ նմաննե՜րը...
Նման երջանիկ կախաղանի դեմ
____Ես չե՛մ բողոքում:
10.
____0 Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից:
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված:
Դու չե՞ս կամենում, որ ամբողջ գիշեր
____Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
____Սաղմոսնե՜ր երգեն.
«0 Սու՛լ...
____Սուլամի՛...
________0 Սուլամի՜թա...»:
11.
____0 Սուլամի՜թա.
Տեսնո՞ւմ ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի՝
____Սողոմոնի՛պես:
Նրա արյունից մի՞թե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում:
____Որտեղի՞ց հապա
Նրա արյունը օտարի՛ս սրտում՝
____Ի՛մ սրտում, որ քեզ
____Սիրում է այսպես՝
Աստվածաշնչյան ա՛յնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական՝
____Նույնիսկ անպարկե՜շտ,
____Բայց... նրա՛ աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա:
Իսկ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜:
12.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի՝
____Սողոմոնի՛ պես,
____Որ մի արքա էր,
____Մինչդեռ ես...
____Գիտե՞ս,
Ես ինչ-որ չափով նու՛յնպես արքա եմ:
Ո՛չ նրա համար, որ ունեցել եմ
____Հարճեր ու կանայք,
Ո՛չ էլ նրանով, որ ես կարող եմ
____Երգ երգոց թողնել:
Եթե ինձ համար թագուհի ես դու,
____Ի՞նչ եմ ե՛ս հապա,
Ինչպե՞ս ի՛նձ կոչել, եթե ոչ արքա,-
____Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՞րբ են պատկանել մանկլավիկների..





ԳԼՈւԽ Գ

Մուծէք ինձ ի տուն գինւոյ...
Վասնզի խանդակաթ եմ սիրով...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
____Դուստրե՜ր Հյուսիսի.
Ի՛նձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ
2.
Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաև ծանրաքար մի բեռ՝
____Սեփական սի՜րտըս:
____Նա ծա՜նր է դարձել,
____Եվ... ծանըր այնքա՛ն,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի:
Իսկ մինչև անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքի՛ս չեմ կրում,
____Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված:
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ - տեսե՜ք - ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո:
3.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
____Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դուստրը սևահեր
____Ւ՛նձ չի պատկանում:
Նա կա և չկա՝ ինչպես երկինքը,
Իմն է - իմը չէ՝ ինչպես որ ինքը...
4.
Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն:
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, և ձայն չի տալիս:
____Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներու՛մ որոնեմ նրան:
5.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
____Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաև ձեր դեմքին,
Գտնում եմ մի մա՛ս, մի նշու՛յլ, մի շո՛ղ,
____Իսկ իրեն՝ բնա՜վ:
6.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի թխահեր դստեր,
____Ի՞նչ պիտի ասեք:
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով:
7.
Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը:
8.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական՝
Իր բազմադարյան
____Հրեական արյան
Եվ նոր՝
____Նոր զարթնած իր սրտի՛ նման,-
Հին ու նոր՝
____Ինչպես առավոտն ինքը:
9.
Դուք լսո՞ւմ եք ինձ, խարտյա՛շ աղջիկներ:
Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ եմ ուզում,
Որ ասեք նրան՝ այդ սևահերին:
Երդվեցնում եմ ձեզ, ասացե՛ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջի՛ն,
Իսկ ես էլ՝ նրա առաջի՜ն սերը:
10.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում՝ դռնփակ հնձան,
Բուրող հնձանում՝ եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
____Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
____Ես չնվաղեմ:
11.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաև,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
____Եվ նույնիսկ կանչի՜,
____Ինձ ձա՛յն տա սիրով՝
____Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի և սիրո եզերքին ընկած
____Խեցին կա՛,
____Սակայն...
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը
Հափշտակված է օտար գազանից
Եվ կամ թաղված է իր քարե բնում...
12.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սևակըն դստեր,
____Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն:
____Թող նա շտապի՛,
____Թե չէ՝ կուշանա՜,
____Թե չէ՝ կլսի
____Ոչ թե իմ կանչը,
____Այլ վերջին ճի՜չը...






ԳԼՈւԽ Դ

Ահեակ նորա ընդ գլխով իմով, և՛ աջ
նորա պատեսցէ զինև...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
____Եվ դու չուշացա՛ր.
____Դու շտապեցի՜ր,
Իմ Սո՛ւլ...
____Սուլամի՛....
________Իմ Սուլամի՜թա...
2.
____Իմ Սուլամի՜թա.
____Եկար վազեվազ՝
Եռամսյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ՝ եկա՜ր:
3.
Եկա՛ր ... և իսկույն, իմ Սուլամի՛թա,
Հազարամյակներն իմ ու քո միջև ասես ջնջվեցին...
____Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ:
Ես այգի չունեմ... և այգի՛ս չեկար:
4.
____Մայթե՛ր կան հիմա
____Ու գորշ քաղաքնե՛ր,
____Շենքե՛ր բազմահարկ,
____Նրանցից մեկում՝
____Սենյակ մի նեղլիկ:
____Դու այնտե՛ղ եկար:
5.
____Եկար փարվեցիր՝
____Քո ամբողջությա՜մբ:
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները՝ երկնին:
Ու ես այդ պահին զգայուն էի՝
____Ինչպես քո մա՛շկը,
____Եվ մաքուր էի՝
Ինձ վրա հառված հայացքի՛դ նման:
6.
____Եվ դու բացվեցի՜ր...
Այդպես բացվում է մահճում երեխան,
____Մթնում՝ ծաղիկը:
____Ու ես այդ պահին՝
Քո անմեղության բույրերից արբշիռ՝
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ... աղքատությա՜մբ:
7.
____Ու տրվեցի՜ր դու՝
____Ծնվելով նորից:
Այդպես տրվում է հողն արմատներին,
____Իր հունին՝ ջուրը:
Ու ես հասկացա, որ ես ո՛չ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
____Որքան քո՛ գրկում:
8.
____Ես այլ բան չէի,
____Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում:
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ...
9.
Իմ սերերն իրար և՛ նմա՛ն էին,
____Ե՛վ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները:
____Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար...
10.
Իմ Սո՛ւլ...
____Սուլամի՛...
________Իմ Սուլամի՜թա:
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
____Քո թուխ վարսերից
____Ու ծավալվելով՝
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
____Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ո՛չ այս, և ո՛չ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
____Չկա՛ր ժամանակ,
____Չկա՛ր նաև միտք.
____Կար շնչառությո՛ւն,
____Որ շատ էր նման
Օվիանոսների տուրևառությա՜ն





ԳԼՈւԽ Ե

...Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ...
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո... վասնզի հզոր է իբրև զմահ սէր...
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

...Լաւ են երկու, քան զմի... զի եթէ
ննջեսցեն երկուք՝ ջեռուցանեն
զմիմեանս, իսկ մին՝ զիա՞րդ ջեռուցու...
«ժՈՂՈՎՈՂ»

1.
Իմ Սո՛ւլ...
____Սուլամի՛...
________Իմ Սուլամի՜թա...
____Ես այլ բան չէի,
____Քան մի ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում:
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ:
____Հիմա դու չկա՜ս,
____Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձա՝
Մի սովորակա՜ն-աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է - լույսը չի բեկում...
2.
Ինձ արդեն վաղո՜ւց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
____Եվ փնտրում եմ քեզ,
____Սակայն չեմ գտնում,
____Ու կանչում եմ քեզ,
____Բայց ձայն չես տալիս.
Տարածություն է ընկած մեր միջև
____Ինչպես մի սահմա՛ն,
____Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց:
____Իսկ մենք - թշնամի՞...
3.
____Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ-որ նոր սիրո,
____Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ՝ իմ սիրտն է քնած:
4.
____Հեռու ես, հեռո՜ւ,
Ու ձայն չես տա ինձ՝ որքան էլ ձայն տամ:
____Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չե՜մ գտնի քեզ՝ որքա՛ն էլ փնտրեմ:
Բայց... մի՞թե սրտին բան կհասկացնես:
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջն եմ նայում:
Մայթերը լի են ժպիտ-ծիծաղով,
«Ներողություն»-ով ու «համեցեք»-ով,
«Ցտեսություն»-ով ու «բարև»-ներով.
Բոլո՛րն այստեղ են - իրենց տեղերում,
Միայն դո՛ւ չկաս - իմ սիրտն է թափուր...
5.
____Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ, գիտե՞ս, ես էլ եմ նախանձ:
Նախանձում եմ ես սիրող զույգերի՜ն,
Շրջում են գրկված, ձեռք-ձեռքի, կիպ-կից:
____Մենակ եմ լոկ ե՛ս.
____Դո՛ւ չկաս, լոկ դո՜ւ:
6.
Ձեռքիս ափերը հալվել են ուզում:
____Ո՞ւր է կրակը.
____Քո ձե՜ռքը չկա:
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
____Ո՞ւր են ուսերըդ,
____Եվ լանջըդ ո՞ւր է:
7.
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
____Սիրա՛ծ ծաղիկըդ:
____Ես ո՞ւմ նվիրեմ:
8.
Հեռախոսային խցերն ազատ են,
____Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում:
Ո՞ւմ զանգահարեմ, եթե դու չկաս:
9.
____Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը՝ սառած լավայով:
10.
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ՝
____Ա՛յժըմ և ընդմի՜շտ:
____Ա՛յժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից՝ արդեն
____Շերտավոր եմ ես,
____Ինչպես հովազը:
11.
____Ա՜խ, երանի՜ թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի՝
____Ցանկացա՜ծ գնով:
Եվ ո՜ւր էր հանկարծ ձերբակալեին
____Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
____Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
____Ինչո՞ւ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի...
12.
Իմ Սո՛ւլ...
____Սուլամի՛...
________Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
____Վառվող խարույկը:
____Ու ես ապրում եմ՝
____Այդպե՛ս վառվելով:
13.
____Դու կարծես չկաս
____Ու չես լինելու,
Այլևս ինձ համար մեռած ես կարծես:
____Սակայն ես գիտեմ,
____Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
____Այստեղ կհանգչի,
____Կվառվի այլուր:
Եվ դու - ինձ համար - չե՜ս մեռնի երբեք,
____Ինչպես չի մեռել
Քո նախա-նախա-նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն էր կրում,
____Իմ Սուլամի՜թա:
14.
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի,
Եվ ի հակառակ՝ անկասկա՛ծ ասել
Որ կմոռանա շունը տիրոջը,
____Ծառն՝ իր ծաղկելը,
____Ցուլն՝ իր բառաչը,
Եվ ժամապահն՝ իր նշանաբանը,
____Սակայն ո՛չ ես՝ քե՜զ,
Իմ Սո՛ւլ...
____Սուլամի...
________Իմ Սուլամի՜թա...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
XII.957թ.
V.1960թ.
Մոսկվա
Դիտումներ: 1475 | Ավելացրեց: grig
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 אנדרניק  
0
באהבה...........

1 אנדרניק  
0
אהבנ..............[size=6]

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]